Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին երկարաձգել Իրանին՝ սպառազինության մատակարարման միջազգային էմբարգոյի գործողության ժամկետը։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով, հակառակ դեպքում նոր ձեռք բերվող զենքն ու զինամթերքը Թեհրանը կօգտագործի մերձավորարևելյան տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է երկարաձգի էմբարգոն տարածաշրջանում նոր հակամարտությունները կանխելու համար։ Որևէ լուրջ մարդու մտքով չի կարող անցնել, որ Իրանը ձեռք բերած զենքը օգտագործելու է խաղաղ նպատակներով», - հայտարարել է Փոմփեոն Վաշինգտոնում հրավիրած ճեպազրույցի ժամանակ։