Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Փաշինյանը շրջայց է կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում՝ ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Վարչապետին տեղեկացվել է, որ արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Նախատեսված է նաև նանո մանրաթելերի, ինչպես նաև նանո մանրաթելից տարբեր իրերի արտադրություն։

Մասնավորապես, այստեղ արտադրվելու են օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ: Ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը և մեկ տարվա ընթացքում կբավարարվի ՀՀ Պաշտպանության նախարարության պահանջարկը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է մեր երկրում «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրության հիմնումը և այն գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում սերտ համագործակցության արդյունք:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ գործարանի կողմից փամփուշտների արտադրությունը Երևան քաղաքից տեղափոխվում է Կոտայքի մարզում գտնվող արտադրական տարածք։ Կոտայքի մարզում գտնվող մասնաճյուղի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել ավտոտեխնիկայի և զրահատեխնիկաների վերանորոգման արտադրամասեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG