Մատչելիության հղումներ

Միջազգային կառույցներից պայմանավորված խաղերի մասին հիմնավորումներ են ստացվել. որակազրկվածներն ընդդիմանում են


ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) պայմանավորված խաղերի վերաբերյալ միջազգային կառույցներից ստացած բոլոր ապացույցներն առաջիկայում փոխանցելու է Հայաստանի իրավապահ մարմիններին։ Հենց այս պատճառով էլ Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց։

Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահի փոխանցմամբ՝ պայմանավորված խաղերին մասնակցած 5 ակումբ և 58 անձ, այդ թվում` մարզիչներ, սեփականատերեր, նախագահներ, ֆուտբոլիստներ որակազրկվել են, նրանցից 45-ը` ցմահ. - «Շարունակություն ապահովելու համար նախևառաջ պիտի մաքրել։ Պիտի մաքրել ոչ միայն նման ձևերով, այլ նաև տարատեսակ սահմանափակումներ և պահանջներ ներկայացնելով։ Օրինակ՝ մենք առաջին լիգայում այլևս լիցենզավորման համակարգ ենք ներդրել, այսինքն` ցանկացած մարդ չի կարող արդեն խաղալ Հայաստանում, անգամ առաջին լիգայի առաջնությունում»:

Արմեն Նիկողոսյանն ասաց՝ միջազգային գործընկերներն իրենց հայտնել են, թե պայմանավորված խաղերում օրինակ ինչ գործողությունների են դիմել մարզիկը, մարզիչը, ակումբի նախագահը. - «Դրվագներ, երբ պիտի խաղի այս րոպեին լինի գոլ, և գոլը լինում է, կամ պաշտպանն ինչ պիտի անի, որպեսզի լինի գոլ, գրանցվի գոլ, կամ դարպասապահն ինչ պիտի անի, կամ ինչ փոխարինում պիտի անեն։ էս բոլոր դրվագները մանրամասն վերլուծված են, և այնպես չի, որ աչքաչափով որոշում է ընդունվել, որովհետև մենք հասկանում ենք, որ մենք գործ ունենք մարդկանց հետ: Այդ մարդիկ մի օր կարող են կանգնել և ասել, որ իրենք չեն դա արել, բայց մենք պիտի ունենայինք հիմնավորումներ, և հավատացեք` ամեն մեկի համար ունենք շատ հիմնավոր ապացույցներ»:

Տարբեր ժամկետներով որակազրկվել են «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Երևան» և «Լոկոմոտիվ» ակումբները։ Որակազրկված 58 հոգուց 25-ը ուկրաինացի են, նրանցից 12-ը ներկայացնում էին «Լոկոմոտիվը»: Վերջինիս գլխավոր մարզիչ Սերգեյ Լիտովչենկոն երեկ ուկրաինական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է. - «Մեզ որոշեցին մահապատժի ենթարկել առանց որևէ ապացույցների»: Մարզիչը այդ որոշումը շոկային է որակում ու հարցնում՝ ինչո՞ւ որակազրկված անձանցից և ոչ մեկին չկանչեցին հարցաքննության, ինչո՞ւ ոչ մի հետաքննություն չիրականացրին։

Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահն արձագանքեց. - «Բազմաթիվ մարդիկ հրավիրվել են կարգապահական կոմիտե և իրենց մոտեցումներն ու կարծիքն են հայտնել այդ խաղերի վերաբերյալ: Մենք ունենք ՈւԵՖԱ-ից, ՖԻՖԱ-ից, Ինտերպոլից, ԱԱԾ-ից ստացած բազմաթիվ հիմնավորումներ, և մեր որոշումը եղել է այդ հիմնավորումների համադրմամբ, և հավատացեք` եթե մենք թեկուզ փոքրիկ կասկած ունենայինք այս կամ այն երևույթի նկատմամբ, նման որոշումներ չէին ընդունվի, առավել ևս ցմահ ֆուտբոլից զրկելու մասին որոշումներ, որովհետև վերջիվերջո եթե մարդիկ կարծում են, որ մենք սխալ որոշում ենք ընդունել, չպիտի գան ֆեդերացիա: Արդեն մի քանի օր է, թե մեզ զանգահարում են, թե փորձում են հանդիպել, պետք չի ոչ մեզ հետ հանդիպել, ոչ գալ ֆեդերացիա, կա ընթացակարգ, եթե իրենք գտնում են, որ Ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը սխալ է, պիտի դիմեն բողոքարկման կոմիտե, ընդ որում թե կարգապահականը, թե բողոքարկման կոմիտեն անկախ մարմիններ են: Ես անկեղծ ասած չգիտեմ` բողոքարկման կոմիտեն անգամ որտեղ է հավաքվում և երբ կհավաքվի: Դիմում են բողոքարկման կոմիտե, կամ իրենց բողոքը բավարարվում է, և ֆեդերացիայի արածը սխալ է համարվում, եթե բողոքարկման կոմիտեն ֆեդերացիայի աշխատանքը համարում է ճիշտ և թողնում է ուժի մեջ տվյալ որոշումը, կա ևս մեկ ինստանցիա, որտեղ իրենք կարող են բողոքել, դա Լոզանի սպորտային դատարանն է, որն արդեն որոշում է վերջնականը»:

Որակազրկված մյուս՝ «Արագած» ակումբի մամուլի պատասխանատու Արման Առաքելյանը տեղեկացրեց՝ ակումբի նախագահը և ազգությամբ ուկրաինացի սեփականատերն ու գլխավոր մարզիչը ցմահ որակազրկվել են։ Ակումբի 10 ֆուտբոլիստ, որոնցից երեքն ազգությամբ հայ են, ևս որակազրկվել են տարբեր ժամկետներով։ Առաքելյանը հատկապես մտահոգված է որակազրկված հայ ֆուտբոլիստների ապագայով։ Իսկ հարցին` արդյոք չի՞ բացառում, որ ակումբի կողմից եղել են պայմանավորված խաղեր, պատասխանեց. - «Չեմ բացառում, որ եղել են ֆուտբոլիստներ, որոնք փորձել են սեփական գործողություններով ազդել խաղի ընթացքի վրա, բայց որ ակումբը պայմանավորվի, որևէ տեղեկություն ես չունեմ»։

Մեկ տարով որակազրկվել է Արագածի 24-ամյա ֆուտբոլիստ Մուրադ Ասատրյանը, որը, սակայն, հերքում է, թե որևէ առնչություն ունի պայմանավորված խաղերի հետ. - «Կարան վիդեոները դնեն, նայեն, խաղը դնեն, նայեն, որ ես ոչ մի առնչություն չունեմ տենց բաների հետ: Ես մեկ տարի ի՞նչ պետք է անեմ առանց ֆուտբոլի, ասենք 14 տարի է` ես ֆուտբոլ եմ խաղում ճիշտ չի էլի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG