Մատչելիության հղումներ

Բրիտանիան մեծ գումար է տալիս վարակից տուժած մշակույթին


Բնագիտության պատմության թանգարանի սրահներից մեկը
Բնագիտության պատմության թանգարանի սրահներից մեկը

Կորոնավիրուսից տուժել է ոչ միայն տնտեսությունը, այլև մշակույթը։ Համերգները, փառատոները, ներկայացումները չեղարկվել կամ հետաձգվել են, ինչի արդյունքում թատրոնները, թանգարանները, դասական կամ ռոք և այլ ժանրերի երաշտական շոուներ անցկացնող մեծ ու փոքր սրահները եկամուտ չեն ստացել։

Դրա հետևանքով ծանր հարվածի տակ են հայտնվել բուն կատարողները՝ անվանի աստղից մինչև փողոցում իր տաղանդը ներկայացնող երգիչ, դերասան կամ նկարիչ։

Բրիտանիան աջակցելու է մշակույթին։ Վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը 1 միլիարդ 570 միլիոն ֆունտ ստերլինգ է տրամադրելու ծրագրին։

«Այդ գումարից 888 միլիոնը դրամաշնորհ է, 200 միլիոնը բարենպաստ պայմաններով վարկեր են 1 միլիոնը գերազանցող վարկ վերցնելու համար, 100 միլիոն կփոխանցվի Շոտլանդիային, Ուելսին և Հյուսիսային Իռլանդիային, և, վերջապես, 100 միլիոն էլ կտրամադրվի մշակույթի, մեդիայի և սպորտի նախարարության հովանու ներքո գործող համազգային հաստատություններին։ Բրիտանական թանգարանը, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը, Ազգային պատկերասրահն օգնություն կստանան», - ասել է Մեծ Բրիտանիայի մշակույթի նախարար Օլիվեր Դաուդենը։

Սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես կարելի է օգնել մշակութային այն օջախներին, որոնք կենսունակ և ինքնաբավ են միայն մեծ թվով հանդիսականներ ունենալու դեպքում։

Համավարակի ամենաթեժ օրերին արվեստագետներն առցանց են հեռարձակել համերգներ, թատերական ներկայացումներ և ցուցահանդեսներ, ինչի շնորհիվ վիրուսից սարսափած շարքային մարդը կարողացել է գոնե մասամբ ազատվել տհաճ ապրումներից և շփվել գեղեցիկի հետ։

Հիմա լոքդաունը թուլացվում է, սոցիալական և մշակութային ակտիվությունը վերակագնվում է, բայց արվեստը մնում է ֆինանսական ճգնաժամի մեջ։

Նոր իրականության պահանջներից մեկը սոցիալական հեռավորությունն է, որը գործնականում գրեթե անհնարին է դարձնում միջոցառումը։

«Լեփ-լեցուն դահլիճ» արտահայտությունը 2019-ին կնշանակեր, որ կատարողին սիրում են, և նա ունի երդվյալ երկրպագուների մեծ բանակ, իսկ այսօր ՙ«Լեփ-լեցուն դահլիճը» նախևառաջ կորոնավիրուսի տարածման մեծ վտանգ է, որը պետք է անհապաղ կանխել։

The Royal Albert Hall համերգասրահը, որը BBC-ի հետ համատեղ ամեն տարի կազմակերպում է 8 շաբաթ տևող դասական երաժշտության համերգներ, անցյալ ամիս նախազգուշացրել է, որ 2021-ին այլևս սնանկության եզրին կհայտնվի, քանի որ համերգները չեղարկվել են, և մարդիկ վերադարձրել են տոմսերը։

Եթե Royal Albert Hall-ն է գանգատվում՝ ի՞նչ ասեն արվեստի ոլորտում «ազատ ձեռներեցները», իրենց indie (անկախ) անվանողները, ովքեր չունեն պրոդյուսերական բիզնեսում հզոր ընկերությունների կամ պետական ատյանների պաշտպանությունը։

«Արվեստը մեր ազգային կյանքի սրտում է, լինի դա ձեր տեղական փոքրիկ թատրոնը, որտեղ դուք մնջախաղ կդիտեք, լինի դա մեր պատմութըյանմասը՝ Շեքսպիրից մինչև Էդ Շիրան, դա մեր էությունն է, որը պարտավոր ենք պաշտպանե», - ասել է Բրիտանիայի մշակույթի նախարար Օլիվեր Դաուդենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG