Մատչելիության հղումներ

Վարչապետ. Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում նկատում է, որ ինչքան էլ հասկանում ենք մայր օրենքի կարևորությունը պետության կայացման, հանրային և պետական հարաբերությունների կարգավորման գործում, այս պետականորեն նշվող օրվա մեջ ինչ-որ կիսատություն կա, լիարժեքության պակաս:

«Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ երեք անգամ պաշտոնապես արձանագրվել է, որ ժողովուրդը հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ: Բայց այդ հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից: Հայաստանի քաղաքացիները իրենցը չեն համարել Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու որոշումը, իրենցը չեն համարել նաեւ այդ որոշումների արդյունքում ընդունված Սահմանադրությունը», - նշել է նա ուղերձում:

Ըստ նրա` պետական կարգը պետք է բխի քաղաքացիների կամքից, պետական կարգի հիմքում պետք է քաղաքացիների կամարտահայտությունը դրված լինի, ինչը պետության անսասանությունը երաշխավորող գործոն պիտի դառնա, պետության ճակատագրի համար քաղաքացիների ստանձնած պատասխանատվության արգասիք, պետություն ունենալու քաղաքացիների կամքի արտահայտություն:

«Հատկապես վերջին շրջանի մի շարք իրադարձությունների վերլուծությունը ինձ հանգեցրել է այն մտքին, որ Հայաստանի քաղաքացիները երկրի պետական կարգը հաճախ իրենցը չեն համարում, չեն տեսնում այդ կարգի օրգանական կապն իրենց կամքի հետ: Ու չնայած, իմ դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրությանն անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, նախորդ պարբերության մեջ նշված հանգամանքների գիտակցումը ինձ բերել է այն եզրակացության, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում:

Նոր Սահմանադրությունը, ըստ այդմ, պետք է ստեղծվի ոչ թե կոնկրետ անձի, անձանց, քաղաքական ուժի կամ խմբի ճաշակով ու «հագով», ոչ թե որևէ իշխանության վերարտադրությունն ապահովելու նպատակ պետք է ունենա, այլ ժողովրդի իշխանությունն ամրացնելու, ժողովդրի կամքից բխող պետական կարգ ունենալու և պետություն ունենալու քաղաքացիների կամքն արտահայտելու ռազմավարական հարցը պետք է լուծի:

Այս գործընթացը մեկնարկած է, հույս ունենք` նոր Սահմանադրության նախագծի ձևավորումը կանցնի հնարավորինս լայն հանրային քննարկում և 2021 թվականին կայանալիք հանրաքվեով կընդունվի ժողովրդի ազատ կամարտահայտմամբ», - ասել է վարչապետն ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG