Մատչելիության հղումներ

Դրսից որևէ մեկին չի հաջողվելու այստեղ իշխանություն փոխել, նախկինները չեն վերադառնալու. Բարսեղյան


Ռուսաստանի սահմանադրական փոփոխությունների մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ցուցադրած տեսանյութից հետո առաջացած բանավեճի և այլ հարցերի շուրջ այսօր «Ազատությունը» զրուցել է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի հետ:

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Արդյոք Հանրային հեռուստաընկերությունը պե՞տք է զերծ մնա Ռուսաստանի ընդդիմությանը ձայն տալուց, որովհետև դա կարող է Կրեմլին դուր չգալ և վնասել հայ-ռուսական հարաբերությունները:

Լևոն Բարսեղյան. - Հանրային հեռուստաալիքը պիտի ապահովի լիակատար բազմազանություն բոլոր այն թեմաների առնչությամբ, որն իր կարծիքով հետաքրքիր է իր հարկատուներին, իրեն վճարողներին՝ մեզ: Իսկ մեզ հետաքրքիր են բոլոր հարևան, գործընկեր, թշնամի և այլ պետությունների հետ մեր հարաբերությունները, այնտեղ տեղի ունեցող հասարակական, քաղաքական, մշակութային զարգացումները: Այս իմաստով ոչ մի սահմանափակում բազմակարծության ապահովման տեսանկյունից չպիտի լինի: Իսկ մարդիկ, ովքեր կարծում են, որ «վայ, բերեք նայենք, հարմարվենք, յոլա գնանք, հանկարծ մեզ չջղայնացնեն, հանկարծ ուրիշներին չջղայնացնեն», կներեք, անհեթեթություններ են այդ տեսակետները, որ այս մեկի խոսքը սահմանափակվի: Փոսից դուրս ենք եկել, որպեսզի նորից այդ փոսի մե՞ջ ընկնենք:

«Ազատություն». - Պարոն Բարսեղյան, նաև փաստարկ է բերվում, որ Նավալնին ժամանակին հայերի մասին լավ բաներ չի ասել:

Լևոն Բարսեղյան. - Կարելի է նաև Հանրային հետուստատեսությամբ հաղորդել, որ նույն Նավալնին, Պողոսը, Պետրոսը լավ բաներ չեն ասել, վատ բաներ չեն ասել, լավ բաներ են ասել, վատ բաներ են ասել: Մի խոսքով՝ բազմակարծություն ասելիս ես ի նկատի ունեմ, որ ամբողջությամբ պետք է ներկայացվի այդ ամբողջ ներկապնակը:

«Ազատություն». - Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ են «Բարգավաճ Հայաստանը», նախկին իշխանությունները լծվել այս հարցում Ռուսաստանին պաշտպանելու գործին:​

Լևոն Բարսեղյան. - Դա շատ նման է փրկօղակ որոնելուն կամ ինչ-որ մի հրվանդան ճարելու, հրվանդանից կառչելու, հույսի մի հանգրվանի, և ոչ միայն այս, այլև ուրիշ պատրվակներ և հնարավորություններ կփնտրեն այդ և այլ ուժերը կառչելու համար, վերականգնելու համար իրենց կորցրած դիրքերը: Սակայն պիտի վշտացնեմ՝ իմ կարծիքով դա չի հաջողվելու իրենց, նախկին դիրքերին վերադառնալ չեն կարողանալու նախկին իշխանությունները, նրանց արբանյակները, արբանյակների արբանյակները: Հիմա էլ առավել ևս դրությունը սրվել է նախկին իշխանությունների մասով, չեն կարողանում ուշքի գալ և գիտակցությամբ ընդունել, որ իրենք օբյեկտիվորեն են պարտվել իրենց իշխանությունը, ոչ թե սուբյեկտիվորեն, ոչ թե ինչ-ինչ ուժերի, դավադիր ուժերի արդյունքում, այլ ուղղակի ժողովուրդն իրենց դուրս է շպրտել այդ քաղաքական թատերաբեմից, առավել ևս՝ իշխանությունից, և այդ վիշտը, կսկիծը սրտներում այս ուժերը և իրենց ներկայացուցիչները մի քանի գործիքներ են փորձում օգտագործել: Մեկը, իհարկե, մարդ բերել Հայաստանի իշխանության վրա, սա նորություն չէ: Որևէ մեկը դրսից չի կարողանալու Հայաստանի ներսում օրակարգ թելադրել: Ես կարծում եմ, որ Կրեմլը և Կրեմլի տիրակալն այնպես միամիտ չէ, որ հավատա այդ մերժվածներին, թե՝ «հա, 5 րոպե մնաց, մի քիչ օգնեք, մենք կվերադառնանք իշխանության»: Չէ, այնտեղից էլ շատ լավ տրամադրությունները հասկանում են Հայաստանի, ճռճռացողների քանակն էլ գիտեն, նրանց համակիրների թիվն էլ գիտեն և այդպես միամիտ չեն, որ ասեն՝ «հա, մի երկու բանով օգնենք, անմիջապես վերադարձեք իշխանության», ոչ:

«Ազատություն». - Պարոն Բարսեղյան, կհակադարձեի՞ք այդ շրջանակներին, որոնք ասում են՝ «հա, մեր օրոք էլ էիք վատ ապրում, աղքատ, հիմա էլ, այդ առումով որևէ բան չի փոխվել»:

Լևոն Բարսեղյան. - Աղքատությունը չի եղել Հայաստանի Հանրապետության պրոբլեմը, Հայաստանի Հանրապետության պրոբլեմը եղել է անարդարությունը, անարդար կառավարումը: Աղքատությունից դժգոհել են միայն այն դեպքում, երբ դա բխել է անարդարությունից: Էդ մարդը տեսել է, որ 150 հազար դրամ աշխատավարձով աշխատող քաղաքապետը կամ պետական պաշտոնյան մի քանի միլիոնանոց դղյակի տեր է դարձել, իսկ ինքն աղքատ է: Հիմա երբ համեմատում են նախկինները, թող համեմատեն, և եթե հիմքեր ունեն, թող հանեն հրապարակեն, ես ամենաշահագրգիռ մարդն եմ, որ նոր իշխանությունը փայեր է մտնում, մենաշնորհներ է ստեղծում, բաշխում է այդ մենաշնորհները յուրայիններին, իրենց բիզնեսներն ունեն և բիզնեսներն աճեցնում են համայնքային ու պետական բյուջեներն այնտեղ տալու միջոցով, տենդերներն իրենք են շահում, իշխանություն դառնալու համար կեղծարարություն են անում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG