Տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության հնարավոր զարգացումներն ու Զինված ուժերի կիրառման պլանն են քննարկվել Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային հանդիպման ժամանակ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման մեկնարկին պետության ղեկավարը կարևոր է համարել արձանագրել, որ «Զինված ուժերի զարգացման բավականին լավ տեմպ և որակ ունենք այսօր»:
«Մեր կառավարության համար այս ուղղությունը ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն, որովհետև այն հավակնությունները, որոնք հայ ժողովուրդն ըստ էության որդեգրել և հայտարարել է, դրանք կարող են իրականություն դառնալ ու շանս ունենալ, եթե Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը համարժեք են մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և ի վիճակի են արձագանքել բոլոր մարտահրավերներին: Ընդ որում, մենք նկատի ենք ունենում ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ առումով ոչ միայն մարտավարական, այլև ռազմավարական մարտահրավերները», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
«Բայց և ուզում եմ ընդգծել, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը և այսօր որդեգրված զարգացման տեմպը մեզ անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Անվտանգության խորհրդի վերջին նիստում ես առիթ ունեցա այդ թեմայով խոսելու և արձանագրելու, որ այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք, և այն նպատակադրումները, որ մենք, ըստ էության, ունենք գոյություն ունեցած և նոր ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքների բերումով, ծառայում են ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության, կայունության ապահովմանը, այլև ակամա, թե կամա ստացվել է այնպես, որ ողջ տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը: Եվ ես ուրախ եմ, որ մենք հենց այս շեշտադրումներով ենք ընկալում մեր և մեր Զինված ուժերի առաքելությունը Հայաստանում և ընդհանրապես տարածաշրջանում», - ասել է Հայաստանի վարչապետը: