Դիմակ չկրելու հարցի շուրջ Վանաձորի քաղաքի բնակիչը վիճաբանել է ոստիկանների հետ և բռնություն գործադրել նրանց նկատմամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հայտնում է Քննչական կոմիտեն:
Համաձայն հաղորդագրության, հունիսի 30-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտ ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, հայտարարաված արտակարգ դրությամբ պայմանավորված, պարետի որոշումներով սահմանված կանոնների պահպանման նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, նկատել են առանց պաշտպանիչ դիմակի քաղաքացու, մոտեցել են վերջինիս և պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:
Քաղաքացին հայտնել է, որ չունի անձը հաստատող փաստաթուղթ, և փորձել է հեռանալ՝ չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ոստիկանության աշխատակիցների՝ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումը նշված վայրում մնալու օրինական պահանջներին: Այնուհետև, շարունակելով չենթարկվել, քաղաքացին ոստիկանների նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն. ձեռքերով հարվածներ է հասցրել ոստիկաններից մեկի ձեռքին և դեմքին, ապա՝ քաշքշել նրանց համազգեստները՝ պոկելով նույնականացման տարբերանշանը, նշված է հաղորդագրությունում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել և հարցաքննվել է դեպքի շուրջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: