Մատչելիության հղումներ

Նորակոչիկները բանակ են ուղևորվում հակահամաճարակային խիստ կանոններով


ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկի զինծառայողներ, արխիվ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներից մեկի զինծառայողներ, արխիվ

Ամառային զորակոչը մեկնարկում է անաղմուկ։ Նորակոչիկները բանակ են ուղևորվում հակահամաճարակային խիստ կանոններով, առանց ավանդական բազմամարդ հավաքների ու միջոցառումների։

Զինկոմիսարիատից Հանրապետական հավաքակայան ու ապա զորամաս զորակոչը կազմակերպվում է անվտանգության կանոններով և հեռավար, «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը։

«Հավաքակայանում պարետի որոշումով էդ մեկուկես մետր հեռավորությամբ բոլոր իրենց քառակուսիներով գծանշումները արված են՝ ճաշարանում, դրսում, պլացում», - մասնավորապես ասաց Ավթանդիլյանը:

Անվտանգության կանոններից ելնելով՝ անգամ լրատվամիջոցներին է արգելվում նկարահանումներ ու հարցազրույցներ անել։ Նորակոչիկների հետ շփումները նվազագույնի են հասցվել։

Հանրապետական հավաքակայանում զորակոչը կազմակերպվում է միայն բացօթյա տարածքում՝ անհրաժեշտ սոցիալական հեռավորությամբ։ Հավաքակայանում զորակոչիկներին փոքրաթիվ խմբերով ուղեկցում են ջերմաչափման, ապա՝ թեստավորման։

«Զորակոչիկը գալիս է, խումբը եկավ, ջերմաչափվեց, գալիս է էստեղ, COVID թեստ են հանձնում՝ էդ էլ ասեմ, իմանաք, արյուն էլ են հանձնում, <...> դրանից հետո գնում են ֆլյուորոգրաֆիա են անում, թոքերը նկարում են՝ պարտադիր նորից բոլորի, մի հատ էլ բժշկական զննություն, ու եթե, Աստված չանի, մեջները հայտնաբերվի COVID-19 հիվանդություն, նրան մեկուսացնում ենք՝ էստեղ մենք նաև դրա վրանային բանն ենք ստացել համաճարակային, վրաններով առանձին, իսկ մնացածը, որոնք անվտանգ են, միանգամից գնում են, <...> ավարտում են ու մեկնում են», - մանրամասնեց ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը:

Հանրապետական հավաքակայանի մոտ հավաքներն արգելվում են։ Նորակոչիկների ծնողներն ու հարազատները վիճակահանությանը հետևում են զինկոմիսարիատներից։ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հավաքակայանում բուժհետազոտության փուլերն անցնելուց հետո զորակոչիկները մինչև զորամասեր մեկնելը ևս 14 օր մնալու են կարանտինային գոտում և ծառայության են անցնելու միայն բացասական պատասխանով կորոնավիրուսի թեստից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG