Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆիլհարմոնիկը շարունակում է իր ակտիվ գործունեությունն առցանց հարթակում


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս տարի նշում է հիմնադրման 95-ամյա հոբելյանը:

1925 թվականին նվագախումբը հիմնադրեցին մեր լավագույն երաժիշտներ Արշակ Ադամյանն ու Ալեքսանդր Սպենդիարյանը: Նվագախումբը տասնամյակներ շարունակ ղեկավարել են մեր լավագույն դիրիժորները: 2000 թվականից ի վեր` արդեն 20 տարի նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը Էդվարդ Թոփչյանն է: Նրա ղեկավարությամբ էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս 20 տարիների ընթացքում ոչ միայն հանդես է եկել հյուրախաղերով աշխարհի տարբեր երկրներում, այլև մեծ դեր է խաղացել հենց Հայաստանում դասական երաժշտարվեստի զարգացման գործում: Այստեղ` Հայաստանում, նվագախմբի հետ հանդես են եկել արտասահմանյան լավագույն երաժիշտ կատարողներ, հրավիրյալ դիրիժորներ, և ոչ միայն դեռ 14 տարի առաջ Էդվարդ Թոփչյանի նախաձեռնած ամենամյա Երևանյան երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում, այլև ողջ տարվա ընթացքում:

Իսկ արտակարդ դրության այս ժամանակահատվածում, նվագախմբի երկարամյա տնօրեն Ռուզաննա Սիրունյանի փոխանցմամբ, իրենք հանդես են եկել առցանց հարթակում` ներկայացնելով նվագախմբի լավագույն համերգային ծրագրերը, այդ թվում և «Ուրբաթօրյա ֆիլհարմոնիկ» ծրագիրը:

«Ազատության» հետ զրույցում Սիրունյանը նշեց նաև, որ աշնանը կայանալիք 14-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը շատ հետաքրքիր անակնկալներ է նախապատրաստել դասական երաժշտության մեր երկրպագուների համար, բայց գաղտնիքներ առայժմ չբացահայտեց. – «Ընդհանրապես պետք է ասեմ, որ վերջին ամիսներին, բնականաբար, համերգասրահը փակ լինելու պատճառով և ֆիլհարմոնիկ նվագախումբը ամբողջ կազմով փորձեր և համերգներ չունենալու պատճառով, բոլոր մշակութային օջախները անցել են առցանց հեռարձակումների: Սակայն պետք է ասեմ, որ դա մեզ համար շատ նորություն չէր, տարիներ շարունակ մենք շատ ակտիվ ենք եղել օնլայն հարթակում: Բնականաբար, 120 կամ 80 հոգով փորձեր չենք կարողացել անել, այդ պատճառով փոքր խմբերով հանրաճանաչ գործերի կատարմամբ հանդես ենք գալիս առցանց հարթակում»:

Նա հավելեց, որ մաեստրո Թոփչյանը ուշադրությամբ հետևում է նշված բոլոր ծրագրերին, մասնակցում է փորձերին. – «Սակայն նրա երազանքն է, թե երբ պետք է նվագախումբը համախմբվի, և իրականում սիմֆոնիկ գործեր կատարվեն, կատարվեն նաև Բեթհովենյան տարվա ձայնագրությունները: Ամենամեծ երազանքը դա է: Դա առաջին անգամ է տեղի է ունենում: Քանի որ ամբողջ աշխարհը այս տարի նշում է Բեթհովենի 250-ամյակը... իհարկե, տեղյակ եմ, որ որոշ երկրներում տեղափոխել են 2021 թվական, բայց մենք ուզում ենք հենց նույն տարվան համահունչ անել նաև այս փառատոնը` այլ ձևաչափով, առցանց»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.

Հայաստանի ֆիլհարմոնիկը շարունակում է իր ակտիվ գործունեությունն առցանց հարթակում
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00
Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG