Մատչելիության հղումներ

Եվրամիությունը բացեց սահմանները կորոնավիրուսից անվտանգ 15 երկրների համար


Եվրամիությունը հրապարակեց կորոնավիրուսից անվտանգ 15 երկրների ցանկը, որոնց քաղաքացիներին թույլատրվեց հուլիսի 1-ից այցել Եվրամիության երկրներ։ Այդ ցանկում ընդգրկված է նաև Վրաստանը։

Նախորդ շաբաթ սևագիր տարբերակով ավելի քան 5 տասնյակ երկրներ էին դիտարկվում, ինչպես տեսնում ենք, Եվրամիության խորհուրդեն այն զգալիորեն սեղմել է։

Տարբեր աշխարհամասերից անվտանգ համարվող երկների շարքում Չինաստանի հանդեպ վերապահում կա, թույլտվությունը պետք է փոխադարձ լինի՝ Չինաստանի քաղաքացիները կարող են այցելել Եվրամիություն, եթե Պեկինը չեղարկի Եվրամության քաղաքացիների՝ Չինաստան այցելելու արգելքը։

ԵՄ 27 երկրներ շենգենյան գոտու արտաքին սահմանները դեռևս փակ են պահում աշխարհի մեծ մասի համար, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Թուրքիայի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Եվրամիության տարածք, քանի որ նշված երկրներում կորոնավիրուսի նոր դեպքեր են արձանագրվում, համավարակի իրավիճակը դեռևս մտահոգիչ է։

Անվտանգ երկրների ցուցակը 14 օրը մեկ թարմացվելու է, այն հնարավոր է ընդլայնվի, կամ կրճատվի՝ կախված համավարակի իրավիճակից։ Այցերի թույլտվությունները պետք է փոխադարձ լինեն՝ ցանկում ընդգրկվածները պետք է թույլատրեն Եվրամիության քաղաքացիների մուտքը իրենց երկիր։

Եվս մեկ կարևոր հանգամանք՝ Բրյուսելի որոշած «կանաչ ցանկը» Եվրամիության անդամների համար խորհրդատվական նշանակություն ունի, այն պարտադիր բնույթ չունի, այսինքն դա չի նշանակում, որ Եվրամիության բոլոր երկրները նշված պետությունների քաղաքացիներին անվերապահորեն պետք է թույլատրեն մտնել իրենց երկիր։

ԵՄ 27 անդամներից յուրաքանչյուրը կարող է վերանայել ցանկը, իր հայեցողությամբ որոշել, թե որ երկրների քաղաքացիների դիմաց դեռևս փակ պահել, կամ բացել իր սահմանները։

Մասնավորապես՝ Չեխիան կիսով չափ կրճատել է անվտանգ երկների ցանկը, դուրս հանելով նաև Վրաստանին։ Չեխիայի կառավարությունը որոշել է միայն 8 երկրի քաղաքացիներին թույլատրել մուտ գործել Չեխիայի տարածք:

Իսկ օրինակ Նիդեռլանդների կառավարությունը 15 երկերի ցանկը ամբողջությամբ հաստատել է՝ Չինաստանի հանդեպ պահպանելով նույն վերապահումը։

Սահմանները բացվելուն պես Հունաստանի կղզիներում ավելացել է զբոսաշրջիկների հոսքը։ Հունաստանի կառավարությունը բացել է միջազգային ու ներքին ավիաչվերթները, զբոսաշրջիկներ է ընդունում Եվրամիության անդամ երկրներից, դրսի անվտանգ երկրներից՝ փորձելով հաղթահարել եռամսյան ընդմիջման պատճառով ոլորտում առաջացած բացերը։

Չեխիայից Ռոդոս կղզի ժամանած Սուզաննա Բոսատկովան ասել է, թե որոշեցին անհանգիստ այս ժամանակներում այստեղ գալ, որովհետև անվտանգ երկիր են համարում։

«Ահավոր ժամակներ էին, մենք անհամբերությամբ էինք սպասում ծով մեկնելու հնարավորությանը», - ասել է նա։

Ռոդոսում զբոսաշրջիկների դիմավորում են հունական երգ ու պարով, երաժիշտները բուզուկի են նվագել օդանավակայանում։

Հունաստանի շրջանների օդանավակայաններից միայն այսօրվա ընթացքում տասնյակ ավիաչվերթներ են պլանավորված, ժամանողների շարքերից պատահական ընտրությամբ COVID-19-ի թեստեր են իրականացվելու։

Հունաստանի զբոսաշրջության հարցերով նախարար Հարրի Թեոխարիսը «Ռոյթերս»-ին ասել է, թե ռիսկերը հաշվարկված են։

«Մենք չենք շտապում, մենք քայլ առ քայլ ենք առաջ շարժվում, մենք տնտեսական տեսակետից չենք գործում, դատելով թվերից, մենք գիտենք, որ այս տարին չի կարող հաղթած տարի լինել, բայց սա վերադարձ է նորմալ կյանքի, որը մարդկանց նորմալ կյանքի վերադառնալու զգացում է առաջացնում» - ասել է Հունաստանի զբոսաշրջության նախարարը՝ սահմանները բացելու և զբոսաշրջիկներ ընդունելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG