Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպումներ, հեռախոսազրույց է ունեցել առողջապահության նախկին նախարարների հետ


Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
Նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահը շարունակում է առողջապահական ոլորտի մասնագետների հետ քննարկումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի և հաղթահարման ուղիների շուրջ:

Նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի, առողջապահության նախկին նախարար, բժշկական գիտությունների դոկտոր Արարատ Մկրտչյանի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել առողջապահության նախկին նախարար, ներկայումս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող, պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանի հետ:

Հանդիպումների և հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակի, առողջապահական համակարգի վրա դրա ազդեցության, առողջապահական համակարգի արձագանքի ու որդեգրած ռազմավարության մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև համավարակի տարածումը կանխելու և հաղթահարելու ուղիների շուրջ: Առողջապահական ոլորտի մասնագետները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան հրապարակված տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 25 հազար 127-ի, հիվանդությունից մահացել է 433 մարդ, ապաքինվել է 13 հազար 297-ը, տվյալ պահին բուժվում է 11 հազար 254-ը:

XS
SM
MD
LG