Մատչելիության հղումներ

Վերջին օրերին «Նորք» ինֆեկցիոն դիմելիությունը մի փոքր նվազել է, փաստում է վարակաբանը


Վարակաբան Նաիրա Ստեփանյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Նաիրա Ստեփանյանը Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» շրջանակներում հայտնեց, որ վերջին 3 օրերի ընթացքում «համեմատաբար թեթևացած հոսք» է արձանագրվել:

«Վերջին՝ ուրբաթ, շաբաթ և այսօր, մենք ունենք համեմատաբար թեթևացած հոսք՝ ոչ մեծ քանակի հոսք է եղել հիվանդանոց, գուցե բացատրելի է դա պոլիկլինակական ծառայության ընդգրկումով աշխատանքի մեջ կամ իսկապես նվազման միտումով: Այս պահին դա ասել չեմ կարող, բայց փաստել կարող եմ, որ այո, վերջին 3 օրերի ընթացքում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց դիմելիությունը մի փոքր նվազել է: Ես հույս ունեմ, որ սա արդեն նվազման միտումի է տանում, քանի որ այդ թվերը` 750 և այլն, դրական թեստերի արդյունքներն են, բայց ոչ հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների արդյունքները: Այսինքն` եթե դրական թեստերը բարձր են, և թիվը բարձր է, սակայն մի մասը չունի հիվանդանոցային բուժման կարիք, բնականաբար հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը ևս իջնելու է», - մանրամասնեց Նաիրա Ստեփանյանը:

«Իհարկե, մենք կարող ենք ավելի վստահ խոսել երկուշաբթի, երեքշաբթի օրերից հետո, որովհետև, որպես կանոն, երկուշաբթի և երեքշաբթի օրերն են լինում շատ ծանր, և եթե երկուշաբթի և երեքշաբթի ևս լինի դանդաղ հոսք, քիչ հոսք, էդ դեպքում կարող ենք ասել, որ մենք գնում ենք դեպի նվազման», - ասաց վարակաբանը:

Անդրադառնալով քաղաքացիների կողմից հակահամաճարակային կանոնների պահպանման խնդրին՝ Նաիրա Ստեփանյանը նշեց. - «Ես ինքս քաղաք դուրս գալիս եմ շատ-շատերի նման, և անգամ դիմակի առկայությունը բավարար չէ՝ դիմակը կրում են ոչ ճիշտ, և դա ուղղակի դիմակի լինելու հանգամանքն է, կարծում են, թե միայն դիմակ ունենալը բավարար է վարակը, վարակվելը և վարակելը կանխարգելելու համար: Ես չեմ կարող ասել սա միայն ժողովրդի խնդիրն է, բայց ժողովրդի դերը և հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանելը ամենամեծ տեղն է գրավում և ամենամեծ դերը ունի վարակի հետագա տարածումը կանխելու հարցում, ինչը ես ինքս չեմ նկատում մեր ժողովրդի մեջ»:

«Եվ նաև ես իմ տեսակետը կարող եմ հայտնել հակահամաճարակային քարոզ իրականացնող որոշ անհատների և որոշ կազմակերպությունների դերը, որոնք որ մոլորեցնում են իրականում, և շատ մարդիկ հիմնվում են հենց նրանց բերված անհիմն հիմնավորումների և նրանց ելույթների վրա», - ընդգծեց վարակաբանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 736-ով՝ հասնելով 24 հազար 645-ի, փաստացի բուժում են ստանում 10 հազար 964-ը:

XS
SM
MD
LG