Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում երեկ երեկոյան բռնկված հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 21 հեկտար տարածք։
Փրկարարները հրդեհի մասին ահազանգը ստացել էին 20:50-ին։
Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հերթափոխի պետ Արա Սահակյանը «Ազատության» հետ զրույցում նշեց. «Բազմաթիվ ահազանգեր են ստացել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման խումբը: Դեպքի վայր հասնելով փրկարարները, իրականացնելով հետախուզում, հայտարարել են երրորդ կանչ, այնուհետև դեպքի վայր մեկնած ընդհանուր մեքենաների քանակը եղել է 14 մարտական հաշվարկ, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման ջոկատից ևս 5 ջոկատ: Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել են նաև Երևանի քաղաքապետարանի 10 ջրատար: Ընդհանուր առմամբ մասնակցել է 129 փրկարար ծառայող հրդեհաշիջման աշխատանքներին»:
Հրդեհի մարումը բարդացել էր դժվարանցանելի տեղանքի ու քամու պատճառով, սակայն հրշեջներին հաջողվել է կանգնեցնել կրակի առաջխաղացումը։ Այրվել է միայն խոտածածկ տարածք։
«Չոր խոտածածկ է այրվել, չոր խոտ և ճյուղեր: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածք, շինությունների և ներքևի հատվածում գտնվող սպորտային կոմպլեքսների տարածքներում: Բարդ ռելևֆն է խանգարել աշխատանքին, ինչպես նաև քամին, դրանից ելնելով հայտարարվել է երրորդ կանչ», - ասաց Սահակյանը:
Փրկարարներից մոտ 2,5 ժամ է պահանջվել հրդեհի մարման համար, առայժմ կրակի բռնկման հստակ պատճառները հայտնի չեն։ Երեկ դեպքի վայրում աշխատած Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հավանական էր համարել, թե հրդեհը հրավառության հետևանքն է։ Քաղաքապետի մամուլի խոսնակն էր Ֆեյսբուքում գրել, որ հրդեհից կես ժամ առաջ այդ հատվածում մեծ հրավառություն էր կազմակերպվել։
«Ես գտնում եմ, որ դա է եղել պատճառը, ինչո՞ւ, որովհետև տարբեր տեղերով էր, կրակը մի տեղ չէր», - ասել է ԱԻ նախարարը:
Երեկ տարածքում էր նաև Երևանի քաղաքապետը։ Քաղաքապետարանում մտածում են կարգավորել հրավառությունների հարցը՝ առայժմ չմանրամասնելով՝ արդյոք օրենսդրական փոփոխությունների առաջարկ են անելու, թե ոչ։