Մատչելիության հղումներ

Գյումրիում առաջին անգամ մշտադիտարկում անցկացվեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից


Տեսչական մարմնի ներկայացուցիչ Վահան Զարոյանը ստուգումներ է անցկացնում Գյումրիում, 27-ը հունիսի, 2020թ.

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն այսօր առաջին անգամ մշտադիտարկում անցկացրեց Գյումրիում: Տնտեսվարողները հիմնականում պարետատան սահմանած անվտանգության կանոնների մեծ մասը պահպանում են, իսկ արձանագրված խախտումները վերացնելու համար պաշտոնյաներն այսօր տնտեսվարողներին մեկ ժամ ժամանակ տվեցին:

Քաղաքի ծայրամասում գտնվող բենզալցակայանում տեսչական մարմինը միանգամից մի քանի խախտում արձանագրեց:

Կազմված արձանագրությունը կուղարկվի պարետատուն, որտեղ էլ կորոշեն՝ կասեցնել բենզալցակայանի գործունեությունը, թե՝ ոչ ու քանի ժամով:

Գազալցակայաններից մեկում էլ 1,5-2 մետր սոցիալական հեռավորության փոխարեն 5 մետր էին սահմանել:

Տնտեսվարողների մեծ մասն աշխատակիցների ջերմաչափումն իրականացնում է սովորական սնդիկային ջերմաչափերով: Մի քանի աշխատակից ունեցող խանութը, գազալցակայանը ընդամենը մեկ ջերմաչափ ունեին։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները խորհուրդ տվեցին յուրաքանչյուրի համար առանձին ունենալ: Արդեն իններորդ օրը ստուգայցեր իրականացնող այս կառույցի ներկայացուցիչ Վահան Զարոյանը նշեց, որ առաջին օրերի համեմատ փոփոխություններ նկատում են:

«Առաջին օրվա ու հիմիկվա համեմատ շատ մեծ փոփոխություն կա, տնտեսվարողների մոտ հիմնականում խախատումները քիչ են կամ ընդհանրապես չկան կամ լինում է, օրինակի համար, էսօր մեկ, թե երկու տեղ արձանագրել ենք, որ առկա չեն միայն իրազեկման պաստառները, տեղեր էլ կան, որ սխալ են պաստառները փակցված, այդ դեպքերում տնտեսվարողին զգուշացնում ենք, ժամանակ ենք տալիս ու շատ արագ տնտեսվարողները շտկում են թերությունները», - ասաց Զարոյանը:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցն էլ իր հերթին է շարունակում մշտադիտարկումը։ Հիմնական թիրախը հանրային սննդի ոլորտն է։ Այսօր որևէ տնտեսվարողի գործունեություն չկասեցվեց: Խախտումներ շարունակվում են արձանագրվել նույնիսկ այնպիսի տնտեսվարողների մոտ, որոնց գործունեությունը պարետատան կողմից մեկ անգամ արդեն կասեցվել է:

Որոշ տնտեսվարողներ անմիջապես տեղում վերացրեցին բացթողումները: Սննդի անվտանգության տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը պատմեց, թե դեռ ինչ խախտումներ են շարունակում արձանագրել:

«Արձանագրվում է՝ սեղանների հեռավորությունը 1,5 մետր չեն պահպանում, հիմնականում այդ է արձանագրվում, մնացած խնդիրները կարելի է ասել լուծվել են», - ասաց Հովհաննիսյանը:

Այդուհանդերձ, մարզում, ըստ պաշտոնյայի, տնտեսվարողների մեծ մասն արդեն հետևում է պարետատան ցուցումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG