Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը քվեարկել է Վաշինգտոնին 51-րդ նահանգի կարգավիճակ շնորհելու օգտին


Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը ուրբաթ երեկոյան քվեների 232 կողմ, 180 դեմ հարաբերակցությամբ քվեարկեց մայրաքաղաք Վաշինգտոնին ԱՄՆ 51-րդ նահանգի կարգավիճակ շնորհելու օգտին։

Վարչական առումով Վաշինգտոնը նույնական է Կոլումբիայի վարչական շրջանի հետ, ինչը զգալիորեն սահմանափակում է ԱՄՆ մայրաքաղաքի բնակիչների իրավունքները։ Այսպես, Վաշինգտոնի ավելի քան 700 հազար բնակիչները զուրկ են Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամներ ընտրելու իրավունքից։ Բացի այդ, ճգնաժամային իրավիճակներում, մայրաքաղաքն անհամեմատ ավելի քիչ ֆինանսական օգնություն է ստանում դաշնային բյուջեից քան 50 նահանգները։ Կորոնավիրուսի համաճարակի ընթացքում կենտրոնական իշխանությունները նահանգներից յուրաքանչյուրին որպես շտապ օժանդակություն տրամադրել էին 1 միլիարդ 200 միլիոնական դոլար, իսկ Վաշինգտոնին՝ ընդամենը 500 միլիոն։

ԱՄՆ Սենատում մեծամասնություն կազմող հանրապետականները արդեն իսկ հայտարարել են, որ Վաշինգտոնին նահանգի կարգավիճակ շնորհելու օրինագծին դեմ կքվեարկեն։ Նախագահ Թրամփն իր հերթին պնդել է, որ եթե անգամ Սենատը կողմ քվեարկի այդ նախագծին, ինքը կարգելափակի այն՝ կիրառելով նախագահական վետոյի իրավունքը։

Հանրապետականները լուրջ մտավախություններ ունեն, որ Վաշինգտոնին նահանգի կարգավիճակ շնորհելու դեպքում դեմոկրատները Սենատում հավելյալ երկու տեղ կստանան, քանի որ մայրաքաղաքի բնակիչների ճնշող մեծամասնությունը որպես կանոն քվեարկում են հենց դեմոկրատների օգտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG