Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարք Էսպերը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել կատարել խոստումը և պաշտպանության բնագավառին հատկացվող գումարը հասցնել ներքին համախառն արդյունքի երկու տոկոսին:
Էսպերը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում ասել է, թե անդամ երկրները լավ են աշխատում, բայց պետք է ավելին անել ֆինանսավորման համար, քանի որ դա է Հյուսիսատլանտյան դաշինքի հավաքական անվտանգության երաշխիքը:
«Մենք քննարկելու ենք կարևոր հարցեր՝ Աֆղանստանից մինչև կորոնավիրուս, ես նորից կոչ եմ անում դաշնակիցներին ֆինանսավորումը հասցնել խոստացված երկու տոկոսին: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ին և դաշնակիցներին, այսօր ակնկալում եմ բովանդակալից քննարկում», - ասել է Պենտագոնի ղեկավարը:
«Մեր վերջին հանդիպմանը քննարկել ենք նաև Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը, մասնավորապես, Գերմանիայում այն կրճատելու որոշման ենթատեքստում: Ես ողջունում եմ Եվրոպայի անվտանգությանը հավատարիմ մնալու Միացյալ Նահանգների վճռականությունը», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմից է քննադատել ՆԱՏՕ-ի անդամներին դաշինքի ֆինանսավորումը չապահովելու համար, ասելով, որ դրա արդյունքում հիմնական բեռն Ամերիկան է կրում:
Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում դուրս կբերի Գերմանիայում տեղակայված ամերիկացի զինծառայողների զգալի մասը:
Չնայած քննադատությանը՝ Թրամփն ավելացրել է Եվրոպայում ամերիկյան ուժերի ֆինանսավորումը:
Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնազավթելուց հետո Միացյալ Նահանգները լրացուցիչ ուժեր է ուղարկել Բալթյան երկրներ, Լեհաստան և Սև ծովի շրջան: