Մատչելիության հղումներ

Վրաստանի սահմանադրական դատարանը նոր նախագահ ունի


Վրաստանի սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ է ընտրվել Մերաբ Տուրավան, որին ընդդիմությունը բնորոշում է Բիձինա Իվանիշվիլիի «ֆորպոստ»։

Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին Սահմանադրական դատարանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ ընտրական վեճերի հանգուցալուծման գործում։

56-ամյա Տուրավայի մասնագիտական ունակությունները կասկած չեն հարուցում, սակայն մյուս կողմից ընդդիմությունը նրան մեղադրում է կոռուպցիայի ու ներկայիս իշխանություններին անվերապահորեն ծառայելու մեջ։ Վրաստանում լավ են հիշում Սահմանադրական դատարանի նոր նախագահի կենսագրությունը։

Դեռ Էդուարդ Շևարդնաձեի նախագահության ժամանակ Տուրավան Վրաստանի Գերագույն դատարանի դատավոր էր։ Վարդերի հեղափոխությունից հետո նա ըմբոստ դատավոր էր համարվում։ 2005-ին Տուրավան հրապարակավ հայտարարեց, թե Միխեիլ Սաակաշվիլիի երիտասարդ կառավարությունը ճնշումներ է գործադրում դատավորների վրա՝ ստիպելով դատավճիռներ ընդունել մեղադրական եզրակացություններին համապատասխան։

Վրաստանի այն ժամանակվա դատական բարձրագույն իշխանությունը կտրականապես հերքել էր նրա հայտարարությունը։ Տուրավայի դատավորի լիազորությունները դադարեցվեցին դատական ընթացակարգային խախտումների համար, բայց չէր նշվել, թե կոնկրետ ո՞ր արարքի համար։

10 տարի անց Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանքի» հաղթանակից հետո Տուրավան հետ ստացավ դատավորի պատմուճանը։ Խորհրդարանական մեծամասնությունը նրան նշանակել էր Սահմանադրական դատարանի անդամ։ Իսկ հիմա նա դարձավ բարձր դատարանի նախագահը։

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր, արդարադատության նախկին փոխնախարար Օթար Կախիձեն ասել է, թե իր համար Մերաբ Տուրավան կոռուպցիայի և կաշառակերության դեմքն է։ «Ահա թե ինչ է նշանակում նրա ընտրվելը Սահմանադրական դատարանի նախագահ», - ասել է Կախիձեն։

ՍԴ նախագահի ընտրությանը, դատարանի ինը անդամներից հինգը քվեարկել է Տուրավայի օգտին, ներառյալ նրա քվեն։

Վրացի որոշ քաղաքագետների կարծիքով՝ քաղաքական շահերի սպասարկումը Սահմանադրական դատանում հակասություններ է ստեղծում, և այն կարող է կրկնվել առաջիկա ընտրություններից հետո, ինչպես տարներ առաջ, երբ լսվում էր նախկին պաշտոնյաներին առնչվող գործեր։

2015-ի սեպտեմբերին Մերաբ Տուրավայի հիվանդության պատճառով Սահմանադրական դատարանը չէր կարողացել որոշում ընդունել Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի 14-ամսյա նախնական կալանքի օրինականության հարցով։ Նիստի հաջորդ օրը նա լավ առողջ տեսքով հայտնվել էր, և ասել, թե փաստաթուղթը չստորագրելու պատճառը առողջական վիճակը չէր։

Նա ասել էր, թե հիմնական պատճառն այն էր, որ որոշման վերջնական տեքստը էլեկտրոնային փոստով ստացել էր նախորդ օրը երեկոյան, ժամանակ չի ունեցել ծանոթանալու և կարծիք ձևավորելու համար ու բողոքել էր, թե այդպիսի անհարգալից վերաբերմունք, ինչպիսին իր հանդեպ է ցուցաբերվել, աշխարհի ոչ մի երկրում դատավորների հանդեպ չի ցուցաբերվում։

Այն ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Պապուաշվիլին էր։ 2016-ին նա հրապարակավ հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանքը» Թբիլիսիի նախկին քաղաքապետի և Պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցների գործերով ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի անդամների վրա։ Ի պատասխան ինը անդամներից հինգը, այդ թվում՝ Տուրավան, բողոքի նամակ գրեցին դատարանի նախագահին, մեղադրելով նրան, թե արագացված կարգով քննարկման է դնում միայն քաղաքական բնույթի գործերը։

Մերաբ Տուրավան հիմա դառնալով Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ հայտարարել է, թե իր փորձառությունը հնարավորություն կտա բարձրացնել դատարանի հեղինակությունը ինչես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Նորանշանակ ՍԴ նախագահը չի մեկնաբանել իր հասցեին հնչող մեղադրանքներին ու քննադատություններին՝ միայն խոստանալով, որ իր նախագահության հինգ տարիները կլինեն բաց և թափանցիկ։

Վրաստանի Սահմանադրական դատարանում ինը դատավոր կա, նրանք ընտրվում են տասը տարի ժամկետով։ Երեքական թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Գերագույն դատարանի պլենումը, երկերի նախագահն ու խորհրդարանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG