Մատչելիության հղումներ

Փայլանը մեջլիսի օրակարգ է բերել Վանի հայկական վանական համալիրի պահպանման հարցը


Լուսանկարում` Վանի Սուրբ Խաչ եկեղեցին, արխիվ

Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսի օրակարգ է բերել Վանի հայկական վանական համալիրի պահպանման հարցը: Նա նշել է, որ Վանի Գյուլփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող 16-րդ դարին պատկանող Սուրբ Մարինոս վանքը գանձախույզների կողմից տարիներ շարունակ ավերվել է ու անմխիթար վիճակում է գտնվում:

Փայլանը հարցադիմում է ուղղել տուրիզմի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին՝ ուշադրություն հրավիրելով, որ Վանի շրջակայքի պատմամշակութային կառույցները մեծապես տուժել են գանձախուզական աշխատանքների և իշխանությունների անգործության հետևանքով: Հայազգի պատգամավորը թուրք նախարարից պատասխան է ակնկալել, թե արդյո՞ք օրինական գործընթաց սկսվել է գանձեր գտնելու նպատակով Սուրբ Մարինոս վանքում և շրջակայքում փորվածքներ արած անձանց հայտնաբերման համար: Փայլանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ նախարարությունը չի զբաղվում Վանում և մերձակայքում քրիստոնյաներին պատկանող պատմական կառույցների պահպանությամբ:

«Արդյո՞ք Սուրբ Մարինոս վանքի վերականգնման համար աշխատանք տարվելու է: Արդյո՞ք կատարվել է Վան նահանգում հայերի կառուցած վանքերի, եկեղեցիների և մշակութային կոթողների գույքագրում: Հայերին պատկանող մշակութային հետքերի վերացումը ցայսօր պետական քաղաքականություն է եղել: Արդյո՞ք մտադիր եք փոխել այդ մոտեցումը», - ասված է Փայլանի հայցադիմումի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG