Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտ. Ահաբեկչության դեմ պայքարը Բաքուն օգտագործել է քաղաքական հակառակորդներին ճնշելու համար


Պետդեպարտամենտի` ահաբեկչության դեմ պայքարի զեկույցի համակարգող դեսպան Նաթան Սեյլզը հանդես է գալիս մամուլի ասուլիսով, 24 հունիսի, 2020թ.
Պետդեպարտամենտի` ահաբեկչության դեմ պայքարի զեկույցի համակարգող դեսպան Նաթան Սեյլզը հանդես է գալիս մամուլի ասուլիսով, 24 հունիսի, 2020թ.

Ահաբեկչության դեմ պայքարի` ԱՄՆ Պետդեպարտամենտի 2019 թվականի զեկույցում Հայաստանը ներառված չէ։ Հայաստանի հարևան բոլոր երկրները կան այդ զեկույցում:

Ըստ զեկույցի` չնայած ահաբեկչության դեմ պայքարի հաջողություններին աշխարհում ահաբեկչության վտանգը վերացված չէ։ Զեկույցը ներկայացնում է անցած տարվա ընթացքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունները «Իսլամական պետության» «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի, Իրանի աջակցությունը վայելող խմբերի ու միջազգային ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարում։

Նշված է, որ Միացյալ Նահանգները և իր դաշնակիցներն այդ պայքարում նշանակալից հաջողությունների են հասել: 2019-ի մարտին ավարտվել է Սիրիայի ու Իրաքի տարածքում ձևավորված այսպես կոչված` «խալիֆաթի» վերջնական ոչնչացումը, հոկտեմբերին ամերիկյան զինուժի հարվածներից սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, ապրիլին պետքարտուղարը Իրանի իսլամական պահպանության կորպուսին և նրա Քուդս խմբավորմանը համարել է արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություններ։ Սա առաջին անգամն է, որ կառավարական համարվող զորքերը ահաբեկչական են ճանաչվում։

Ինչ վերաբերում է հարավկովկասյան տարածաշրջանին, ապա Պետդեպարտամենտը գովում է Ադրբեջանի ու Վրաստանի իշխանություններին ահաբեկչության դեմ պայքարի համար։ Սակայն Ադրբեջանի մասով միաժամանակ նշված է, որ ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով ճնշումներ են գործադրվել քաղաքական հակառակորդների վրա։

«Իրավապահներն ու անվտանգության ուժերը շարունակել են չափից դուրս լայն սահմանել ահաբեկչության և ծայրահեղականության շրջանակները, որի արդյունքում քաղաքական հակառակորդները, կրոնական ակտիվիստները խոցելի են դարձել քրեական հետապնդումների, ձերբակալությունների և ֆիզիկական բռնությունների ենթարկվելու համար», - զեկույցում նշված է` հավելելով, որ նման մարդկանց դեմ ֆիզիկական բռնությունների փաստերն ավելի հաճախ կատարվել են Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կողմից։

Պետդեպարտամենտի մամուլի կենտրոնը երեկ կազմակերպել էր զեկույցի համակարգող դեսպան Նաթան Սեյլզի մամուլի հեռավար ասուլիսը։ Պատասխանելով ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին` դեսպանն ասել է, թե ցավոք, աշխարհում շատ երկրներ կան, որոնք ահաբեկչության խնդիրները պատրվակ են օգտագործում` քաղաքական բողոքները ճնշելու, կրոնական ու էթնիկ փոքրամասնություններին մեկուսացնելու և ճնշելու նպատակով։ Նա ամենաամոթալի օրինակը համարել է Չինաստանի իշխանությունների գործողությունները ույգուր մահմեդականների դեմ` նշելով, որ նրանց ճամբարներ նետելն ահաբեկչության դեմ պայքար չէ, այլ պարզապես բռնաճնշումներ։

Վրաստանի մասով Պետդեպարտամենտի զեկույցում նշված է, որ անվտանգության հարցերով Վրաստանը մնում է ԱՄՆ-ի ուժեղ գործընկերը։ 2019-ի նոյեմբերին Վրաստանի իշխանությունները սերտորեն համագործակցել են Ուկրաինայի անվտանգության ծառայության և միջազգային գործընկերների հետ «Իսլամական պետության» հրամանատար, Վրաստանի քաղաքացի Ցեզար Տոխոսաշվիլիին` նույն ինքը Ալ Բարա Շիշանիին, Ուկրաինայի տարածքում ձերբակալելու համար։ Նա Ուկրաինա մտել է կեղծ փաստաթղթերով և 2018 թվականից համակարգում էր «Իսլամական պետության» որոշ գործողություններ Ուկրաինայի տարածքից։

Զեկույցում ընդհանուր առմամբ նշված է, թե Վրաստանում ու Ադրբեջանում ինչ կառույցներ են պատասխանատու ահաբեկչության դեմ պայքարի համար, օրենսդրական ինչպիսի հենք կա, ինչ վարժությունների, սեմինարների կամ ծրագրերի են մասնակցել, միջազգային որ կազմակերպությունների հետ են համագործակցում, որքան է բարելավվել սահմանների վերահսկումը, տվյալների բազան, որպեսզի կանխվի ահաբեկչություններին առնչվող մարդկանց ու նյութերի տեղաշարժն ու տեղափոխումը, ահաբեկչության ֆինանսավորումը:

Թե Վրաստանում, թե Ադրբեջանում 2019-ին ահաբեկչական գործողություններ չեն կատարվել, փաստում է Պետդեպարտամենտի տարեկան զեկույցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG