Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Իմ ընտանիքը թիրախավորել են, որովհետև ինձնից ուզում են Սերժ Սարգսյան կերտել


Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ կոշտ արձագանքեց քաղաքական այն բոլոր ուժերին, որոնք այսօր տարբեր անկյուններից քննադատում են իշխանությանը՝ մեղադրելով ձախողումների մեջ։

«Ուժը փողի մեջ չէ, այլ ճշմարտության», - ֆիլմերից մեկից մեջբերում անելով՝ այսպես պատասխանեց վարչապետը իր ընտանիքին մաքսանենգության, կոռուպցիայի և այլ հանցանքների մեջ մեղադրողներին. – «Նրանք քանի որ ուզում են հեղափոխություն անեն, ուզում են, որ էդ «ազատ» լրատվամիջոցների ձեռամբ ինձնից կերտեն Սերժ Սարգսյան: Եվ որևէ կասկած չկա, որ էդ կոռումպացված համակարգը` բոլորին իրար հետ, մի զամբյուղով, ենթարկելու ենք կապիտուլյացիայի»:

«Հայաստանում չկա ո'չ սոցիալական, ո'չ տնտեսական, ո'չ քաղաքական ճգնաժամ, կորոնավիրուսից բացի», - 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն ամփոփելիս պնդեց Փաշինյանը՝ ընդծելով, որ այսօր քաղաքական որոշ շրջանակների համար կորոնավիրուսը դարձել է երկնքից թափված մանանա. - «Քաղաքական բացիլը վերակենդանալու շանս ա ստացել... իրանց թվում ա: Եվ հիմա էկել են սովերից են խոսում, սոցիալական բունտերից են խոսում... Այ ժողովուրդ ջան, էդ սոցիալական բունտից դուք վախեցեք, որովհետև սոցիալական բունտը որ էղավ, մենք ի՞նչ ունենք, որ սոցիալական բունտի զոհ ա դառնալու, առաջին հերթին ձեր ապօրինի կառուցած դղյակները, ձեր բենտլիներն ա դառնալու սոցիալական բունտի զոհ: Տենանք էդ սոցիալական բունտի արդյունքում դուք որտեղ եք հայտնվելու և ինչ դիրքով, որ շատ կարևոր ա...»

Վարչապետը վստահեցնում է, որ այսօր տեղի է ունենում քաղաքական դաշտի բարեփոխում, և նրանք, ովքեր «կուլիսներից խամաճիկների նման կառավարվել են», այլևս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու. – «Մի հոգի էլ էն մեկի ընտանիքից, ասում ա` ես եմ տղամարդը, կուխնու սեղանի տակից դուրս չեմ գալիս: Մի հատ էլ ուրիշներին խորհուրդ ա տալիս, ասում ա` դուրս էկեք Ֆեյսբուքից և հաղորդակցվեք իրականության հետ։ Արա, դու հլը կուխնուց դուրս արի, նոր ուրիշներին Ֆեյսբուքից դուրս գալու խորհուրդ տու»:

Ավելի քան կես ժամ տևած քաղաքական ելույթում Փաշինյանը չմոռացավ հակադարձել օրվա հիմնական թեման՝ 2019-ի բյուջեի կատարողականը քննադատող «Լուսավոր Հայաստանին», որն ընդդիմության միակ ներկայացուցիչն էր այսօրվա նիստին։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու թերակատարված բյուջեին՝ ընգծելով, թե տնտեսությունը զարգացնելու փոխարեն իշխանությունն ամեն ինչ անում է ընդդիմությանը լռեցնելու համար. – «Իմ վրա հարձակվում եք` բռնություն: Մյուս ֆրակցիայի ղեկավարի նկատմամբ գործ ա հարուցվում, ասում եմ ապացույցներ չկա, 87 հոգի քվեարկում է, գնում ա դատարան, դատարանը բաց ա թողնում: Էս ա... ձեր վերջին շրջանի արած բաները սրանք են: Դուք զբաղված եք քաղաքական ընդդիմախոսությունը ճնշելու, ընդդիմադիր թերթերին ճնշելու, լռեցնելու գործով»:

«Մենք պետք է ժողովրդավարությունը պաշտպանենք ոմանցից, որովհետև ժողովրդավարությունն ամենաթողություն չի», - ի պատասխան Մարուքյանին հայտարարեց Փաշինյանը` հիշեցնելով, թե քանի ԶԼՄ է այսօր նախկինների տիրապետութան տակ:

Վարչապետը չբավարարվեց ԶԼՄ-ներով: Փաստորեն առաջին անգամ թվարկեց մի շարք ընկերութոյնների անուններ, որոնք, ըստ Փաշինյանի, ևս կապ ունեն Սերժ Սարգյանի ընտանիքի հետ. – «Ձորահէկը գողացել եք, Սերժ Սարգսյանի ընտանիք: «Սպայկա» ընկերությունով մաքսանենգություն եք արել, Սերժ Սարգսյանի ընտանիք: «Հիլթոն» հյուրանոցը ձերն ա, «Օպերա սյութ» հյուրանոցը ձերն ա: Ընտրությունների կեղծման համակարգ ա գոնություն ունեցել, որը Սերժ Սարգսյանի ընտանիքն ա ղեկավարել»:

Այս համատեքսում Փաշինյանը չմոռացավ նաև ԲՀԿ-ին հիշեցել իր անցյալը։ Թեպետ ամենամեծ ընդդիմադիր ուժն այսօր բոյկոտել էր նիստը և դահլիճում չէր, Փաշինյանն այս բացակայությունն այլ կերպ բացատրեց. – «Քաղաքական ուժը, իմ գնահատմամբ, ինքնաոչնչացվել ա: Այսինքն նորությո՞ւն ա, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել, և նորությո՞ւն ա, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրակաշառքով ա ընտրվել: Նորությո՞ւն ա որևէ մեկի համար: Եվ երբ որ կանգնում ես ամբիոնից, այ էս ամբիոնից ասում ես մի բան, որը բոլորը գիտեն, որ էդպես չի, դա նշանակում ա ինքնաոչնչացում»:

Այսօր Ազգային ժողովից, օրեր առաջ էլ ԱԱԾ շենքի մոտից հնչում էին մեղադրանքներ, թե իշխանությունը քաղաքական հետապնդում իրականացնում ընդդիմության նկատմամբ։ Այս առիթով Փաշինյանն այսօր հարց բարձրացրեք՝ որտե՞ղ եք տեսել, որ քաղաքական հետապնդման զոհին դատարանը հրաժարվի կալանավորել. – «Բա էդ մեզ ինչի՞ չէին հրաժարվում կալանք տալ, բա ասեին` չէ, չենք կալանավորում...»

Այդուհանդերձ, Կառավարության ղեկավարը ընդունեց, որ բացթողումներ կան: Որպես բյուջեի կատարողականի լրջագույն թերացում նշեց կոռուպցիոն գումաների վերադարձի ձախողումը։ Հաջողություններ գրանցելու համար իրավական դաշտի խնդիրները պետք է լուծել։ Իսկ ասյտեղ դեռ կարծես փակ շղթա է։

Վարչապետը նորից հայտարարեց, թե Հայաստանում դատարանների հարցը լուծված չէ մի պատճառով, որ իշխանությունը չի ցանկանում «խամաճիկային» համակարգը փոխարինել «խամաճիկային» նոր համակարգով։

XS
SM
MD
LG