Մատչելիության հղումներ

Վրաստանի ֆուտբոլի առաջնությունը վերաբացվում է երիտասարդ ֆուտբոլիստի մահվան միջադեպի ֆոնին


Վրաստան - Թբիլիսիի «Սաբուրթալո» ակումբի ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլին
Վրաստան - Թբիլիսիի «Սաբուրթալո» ակումբի ֆուտբոլիստ Գիորգի Շաքարաշվիլին

Այսօր վերաբացվում է Վրաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունը, որն ընդհատվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Վերսկսվող առաջնության առաջին խաղում հանդիպելու են մայրաքաղաքային երկու թիմերը` «Սաբուրթալո»-ն և ներկայիս չեմպիոն «Դինամո»-ն։

Վրաստանի ֆուտբոլի առաջնության խաղերն անցկացվելու են 6 քաղաքների 8 մարզադաշտերում։ Բոլոր մարզադաշտերը պատրաստ են առաջնության վերսկսմանը ոչ միայն մարզական, այլ նաև անվտանգության տեսանկյունից։ Մարզադաշտերի ղեկավարները հավաստիացրել են, որ պահպանելու են առողջապահության նախարարության պահանջները, հետևելու են նախարարության խորհուրդներին։

Ֆուտբոլային առաջնությունը Վրաստանում բացվում է ողբերգական միջադեպի ֆոնին։ «Սաբուրթալո» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան 19-ամյա Գիորգի Շաքարաշվիլիի մահը Վրաստանում հանրային մեծ արձագանք է առաջացրել։ Քրեական գործը հարուցվել է ազատությունից անօրինական զրկելու և բռնությունների հոդվածներով։ Ավելի քան հինգ տասնյակ մարդ է հարցաքննվել։ Ձերբակալվածներ դեռևս չկան։ Ֆուտբոլիստի ընտանքի անդամները նրա անհետանալու մասին ոստիկանությանը դիմել էին հունիսի 19-ին։ Հունիսի 22-ին նրա մարմինը հայտնաբերվել է գետում, բազմաթիվ վնասվածքներով։

Ներքին գործերի նախարարության տեղեկությունենրով, որոնք հիմնված են վկաների ցուցմունքների վրա, հունիսի 18-ի երեկոյան Շաքարաշվիլին մասնակցել է ծանոթ աղջկա ծննդյան օրվա հավաքին, որն անցկացվել է Մցխեթա քաղաքի մոտ Նարեկվավի բնակավայրում վարձակալված տանը։ Երեկույթին 35-40 մարդ է մասնակցել, գիշերվան մոտ երիտասարդների միջև վիճաբանություն է ծագել, մի քանիսը դուրս են եկել, այդ թվում՝ Շաքարաշվիլին։ Ըստ ցուցմունքների՝ նրանց ճանապարհը մի անծանոթ մեքենա է կտրել, տղաներից մեկին ուժով մտցրել են այդ մեքենան, Գիորգին և մյուսները փորձել են փախչել։ Այդ պահից ֆուտբոլիստից այլևս լուր չկար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG