Մատչելիության հղումներ

Սուսաննա Հարությունյան․ Նախքան համավարակն էլ ստեղծագործական կյանքը այդքան ակտիվ չէր


Գրողներից շատերը հավաստիացնում են, որ արտակարգ դրության այս ժամանակահատվածը, ինքնամեկուսացումը էականորեն նպաստել է ստեղծագործական գործունեությանը, գրողների մի մասն էլ պնդում է ճիշտ ակառակը:

Այսօր «Ազատության» զրուցակիցը արձակագիր, ՀՀ նախագահի մրցանակի և այլ մրցանակների դափնեկիր Սուսաննա Հարությունյանն է:

Նրա ստեղծագործություններն, ի դեպ, թարգմանվել են տարբեր լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, հունարեն, արաբերեն և մի շարք այլ լեզուներով:

Ի պատասխան հարցիս, թե այս ժամանակահատվածն ինչ ազդեցություն է գործել իր ստեղծագործական գործունեության վրա, արդյոք մտահաղացումներ կամ նոր երկեր են ծնունդ առել, Սուսաննա Հարությունյանն ասաց, որ արդեն երկու տարի մի վեպի ստեղծման շուրջ է մտորում, բայց անգամ այս ժամանակահատվածում չկարողացավ այն գրել, քանի որ ողջ ընտանիքով մեկուսացումը չի նպաստում ստեղծագործական գործունեությանը:

Հարությունյան. – Երևի գրողները, ովքեր որ ինչ-որ բան անում են այս ընթացքում, կամ մենակ են ապրում, կամ երևի ունեն առանձնանալու հնարավորություն: Իմ ֆեյսբուքյան էջում 15-20 տարի առաջվա պատմվածքները քիչ-քիչ դնում եմ: Թվում է թե ընթերցվում է: Բայց արձակը շատ դժվար է առցանց ընթերցվում: Եթե հինգ էջից ավելի նյութ ես դնում, զգում ես, որ դեռ ձեռքդ մկնիկից չվերցրած, արդեն լայքերը դնում են... Պոեզիան այդ առումով ավելի շահեկան վիճակում է:

«Ազատություն». – Իսկ ինչպե՞ս կարող է գրողը այս օրերին հաղթահարել բոլոր բարդությունները, որ բաժին են ընկել համավարակի պատճառով: Ստեղծագործական առումով նկատի ունեմ:

Հարությունյան. – Ես պիտի ասեմ, որ նախկինում էլ, նախքան համավարակը ստեղծագործական կյանքը այդքան ակտիվ չէր, որովհետև գիտեք մեր ստեղծագործական միությունները ինչ վիճակում են: Կոնկրետ Գրողների միությունը ես չգիտեմ ինչեր ա անում: Դրա համար չեմ կարծում, թե շատ մեծ սթրես էր գրողի համար այս վիճակը: Ի՞նչն է պակասել մեր կյանքից... ցուցադրական շնորհանդեսնե՞րը, որտեղ Հայաստանից գնացած ամերիկաբնակները կամ ռուսաստանաբնակները իրենց փողերով ներխուժում են Հայաստան, իրենց գրած շարադրությունները հրատարակում են որպես հանճարեղ գրքեր, ու բոլորը` գրականագետներից սկսած, Գրողների միությունով վերջացրած, Ղարաբաղով, Երևանով, Լենինականով, բանով ընկած էդ մարդու շնորհանդեսն են կազմակերպում: Լավ ա, որ դա պակասել ա»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ.

Սուսաննա Հարությունյան․ Նախքան համավարակն էլ ստեղծագործական կյանքը այդքան ակտիվ չէր
please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Ուղիղ հղում


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG