Մատչելիության հղումներ

Տեսչական մարմնի ներկայացուցիչ․ Խախտումները տեղում շտկվում են

Հայաստանի տեսչական մարմինները շարունակում են ուժեղացված հսկողություն իրականացնել՝ հետևելով տնտեսվարողների կողմից պարետատան սահմանած հակահաճարակային կանոնների պահպանմանը։

Արդեն մեկ շաբաթ է այս նպատակով ստուգայցեր են իրականացնում նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները։
Նրանց ուշադրության տակ են հիմնականում բենզալցակայանները, գազալցակայանները, տնտեսական և հագուստի խանութները:

Այսօր տեսուչները Արմավիր քաղաքում էին։ Մեր նկարահանումների ընթացքում 24 ժամով փակվեցին մի շարք բենզա և գազալցակայաններ։

Արձանագրված հիմնական խախտումները ջերմաչափումների, դրանց գրացման , փակվող աղբանների ու իրազեկման թերթիկների բացակայության հետ էին կապված։

Տնտեսվարողներն այսօրվա դրությամբ հայտնաբերված խնդրիրներին արդեն լուծում էին տվել և փակվելու մասին լուրը հեշտությամբ չընդունեցին` պնդելով, որ պարետը փակելու որոշում է կայացրել, բայց գիտի որ Արմավիրի շտապ օգնության մեքենաներն իրենց լցակայանն է սպասարկում։

Մեկ այլ ավելի մեծ կետի ղեկավարն ընդունեց, որ գրանցամատյան չեն ունեցել, բայց վստահեցրեց որ ամեն օր աշխատակիցները պարտաճանաչորեն ջերմաչափվել են. – «Անգամ մենք մեր ամբողջ տարածքը առավոտ շուտ ախտահանում ենք»:

Տեսչական մարմնի մասնագետ Էդգար Այվազյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց արձանագրած թերությունները հիմնականում շտկվում են տեղում. – «Զգալի խախտումներ կան: Չնայած տեղում շտկվում են խախտումները: Հենց այդ պահին կարգավորվում է ամեն ինչ` թե' ջերմաչափումը, թե' գրանցամատյանի վարումը, թե' թերթիկներն են փակցվում»:

Օրվա վերջում կառավարության բազմաթիվ անդամներ՝ այդ թվում նախարարներ, ոստիկանապետն ու այլ պաշտոնյաներ շրջում էին Երևանում ու մարզերում։ Դիմակներ բաժանելով՝ պաշտոնյաները կոչ էին անում հետևել սահմանված կանոններին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG