Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկում են New START պայմանագրի խնդիրը


Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք ԱՄՆ պատվիրակ Մարշալ Բիլինգսլիի հետ բանակցելու համար, Վիեննա, 22 հունիսի, 2020թ.
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք ԱՄՆ պատվիրակ Մարշալ Բիլինգսլիի հետ բանակցելու համար, Վիեննա, 22 հունիսի, 2020թ.

Վիեննայում սկսվել են միջուկային սպառազենի կրճատման ասպարեզում դեռևս գործող վերջին համաձայնության՝ New START պայմանագրի շուրջ բանակցությունները։

New START-ը (Ռազմավարական սպառազենի կրճատման պայմանագիր) սահմանում է միջուկային երկու գերտերությունների մարտագլխիկների թիվը։

Կողմերն այն կնքել են Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2011-ի փետրվարի 5-ին։

Դրա գործողության ժամկետը 10-ը տարի է, ինչից հետո այն, կողմերի համաձայնությամբ, կարող է երկարաձվել ևս 5 տարով։

Այսպիսով, հաջորդ տարվա փետրվարի 5-ից այն պետք է կա՛մ երկարաձվի, կա՛մ դադարի գործել։

New START-ով փոխարինվել է START I (Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման) պայմանագիրը, որն ուժը կորցրել է 2009 թվականի դեկտեմբերի 5-ին։

Այն 1991 թվականի հուլիսի 31-ին կնքել են ԽՍՀՄ և Միացյալ Նահանգների նախագահներ Միխայիլ Գոբրաչովը և Ջորջ Բուշ ավագը։

Ըստ New START-ի, Ամերիկան և Ռուսաստանը կարող են տեղակայել 1550-ական մարտագլխիկ և 700-ական հրթիռակիր միավոր։

Դրանց թվում են ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռները, սուզանավերով կամ ռազմավարական ռմբակոծիչներով փոխադրվող հրթիռները։

Բացի այդ, կողմերը կարող են պահել չտեղակայված և մարտական վիճակի չբերված ևս 100-ական կրողներ՝ ցամաքային հրթիռներ, սուզանավով փոխադրվող հրթիռներ և հրթիռակիր ռազմավարական ռմբակոծիչներ։

Այսօր Վիեննայում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պատվիրակները պետք է քննարկեն New START-ի գործողության ժամկետը երկարաձգելու հնարավորությունը։

Վաշինգթոնը ներկայացնում է սպառազենի վերահսկողությհան հարցով ԱՄՆ ավագ բանագնաց Մարշալ Բիլինգսլին, իսկ Մոսկվայի տեսակետը պետք է փոխանցի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ Ռուսաստանը պնդում է, որ կողմ է երկարաձգմանը։

Բիլինգսլին և Ռյաբկովը շատ զուսպ մենաբանույուններ են արել։ «Տեսնենք», - ընդամենն ասել է ամերիկացի բանագնացը։

Նրա ռուսաստանցի գործընկերը փոքր-ինչ ավելի խոսքառատ է գտնվել։ «Տեսնենք, տեսնենք, մենք միշտ հույս ենք փայթփայում», - ասել է Ռյաբկովը։

Անցած շաբաթ օրը նա ասել է, որ Մոսկվան Վաշինգթոնին արդեն ներկայացրել է բոլոր փաստարկները պայմանագիրը երկարաձգելու օգտին և ասելու նոր բան չունի։

«Մենք ամերիկացիներին բազմիցս ասել ենք, թե ինչու ենք համարում երկարաձգումը կարևոր, էլ ի՞նչ ավելացնենք», - ասել է փոխարտգործնախարարը և ավելացրել. - «Իհարկե, մենք այս առիթը կօգտագործենք ևս մեկ անգամ մեր տեսակետը կրկնելու համար։ Երկարաձգումը տրամաբանական կլիներ, բայց ընդհանուր հաշվով այս պայմանագիրն ամենը չէ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պայմանագրի երկարաձգման աջակիցը չէ։

Ամերիկացիներն ասում են, թե աշխարհում իրավիճակ է փոխվել, Չինաստանը դարձել է հզոր միջազգային դերակատար, այդ թվում սպառազենի ասպարեզում, հետևաբար, New START-ը պետք է փոխարինվի նոր պայմանագրով, որին պետք է միանա նաև Պեկինը։

Ամերիկացիները նույնիսկ պաշտոնական հրավեր են փոխանցել չինացիներին։

Բայց Պեկինը հայտնել է, որ մտադիր չէ մասնակցել բանակցություններին։ Այդ մասին ասել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հուա Չունյինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG