Մատչելիության հղումներ

Բուժաշխատողների միջազգային օրը նշվել է նաև առցանց կամերային համերգով


Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ կենտրոնի երաժշտախմբերի փոքր կազմերով մասնակցությամբ երեկ երեկոյան տեղի ունեցավ համերգ՝ նվիրված բուժաշխատողների միջազգային օրվան:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բաց պատշգամբում կայացած համերգը հեռարձակվեց առցանց՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջերում:

«Այս համերգով նախարարությունն ու Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իրենց երախտագիտությունն էին հայտնում բոլոր բուժաշխատավորներին, ովքեր համավարակի այս ամիսներին հազարավոր կյանքեր փրկեցին», - նշված է կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

Համերգին մասնակից Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանև «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր, որ բացի Հայաստանի պետական կամերային երգչախմբից, Հայաստանի բուժաշխատողներին այս համերգով իրենց խոնարհումը բերեցին նաև Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, «Հովեր» կամերային նվագախումբը՝ Սոնա Հովվհաննիսյանի ղեկավարությամբ, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտ) և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ:

Համավարակի այս ժամանակահատվածում, ինչպես նշում էր Հայաստանի պետական կամերային երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանը, ինչպես և այլ երաժշտախմբեր, իրենց երգչախումբը ևս շփումն իր ունկնդրի հետ առցանց հարթակում է պահպանել. – «Երգչախումբը մեր բոլոր ձայնագրությունները անընդհատ եթեր է տվել Ֆեյսբուքով, մարտից մինչև հիմա: Բայց հիմա, նորից որպեսզի մենք պարապուրդ չունենանք, չկանգնենք, հուսով եմ, որ գոնե ամեսը մեկ-երկու անգամ կկարողանանք փոքր կազմերով ինչ-որ փոքր բաներ մատուցել ժողովրդին, որ հա'մ երաժիշտները չմնան անգործ, հա'մ էլ ունկնդիրը: Այսինքն` գործունեությունը հնարավորինս ծավալվում է: Ես շատ ուրախ կլինեի, որ մենք ունենային էնպիսի ուղեղներ, որոնք գտնեին մի այլ տարբերակ, որը ավելի շատ կարողանար զբաղեցներ երաժիշտներին, արվեստագետներին, և ավելի հետաքրքիր համերգներ ունենայինք, և ինձ թվում է, որ շատ լավ կլիներ, որ հեռուստաընկերություն նույնպես միանար դրան: Հնարավոր է նաև գտնել միջոցներ, որ հեռուստաընկերությունները էդ հաղորդումները կարողանան հայկական ալիքներով հեռարձակել»:

Անդրադառնալով բացօթյա համերգներ կազմակերպելու հնարավորությանը` Մլքեյանն ասաց. – «Մենք էդ օրը բացօթյա արեցինք: Մտածում ենք, թե բացօթյա որտեղ կարելի է անել, որ ունկնդիրը իսկապես կարողանա լսի նաև: Ոչ միայն նկարվի համացանցի համար, այլ ունկնդիր ունենանք: Մեկ-երկու տեղ ոնց որ թե գտել էին, բայց հիմա նայում ենք, որ դրանք վտանգ են պարունակում. եթե բացօթյա անենք Կամերային երաժշտության տան դիմացի այգում, այնտեղ մոտիկ կանգնելու խնդիրը ժողովրդի չես կարող լուծել: Իսկ փոքր տարածություններ, որ էլի դուրս է, բայց փոքր է, ոնց որ թե չունենք էդքան: Մենք ինչ որ արեցինք, էդտեղ հազիվ տեխնիկան տեղավորվեց, նկարող օպերատորները: Հիմա ես շատ մտահոգ եմ, որ, այո, բացօթյա ինչ-որ բաներ արվի: Ինձ եթե առաջարկ անեն, ես տեսնեմ, որ դա լավ առաջարկ է, մենք մեծ հաճույքով կմիանանք նորից էդ բոլոր պրոյեկտներին, որ մինչև էսօր հնարավորինս արել ենք: Փաստորեն երգչախումբը մի չորս-հինգ անգամ փոքրիկ համերգներ տվել է, փորձում ենք անգործության չմատնվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG