Մատչելիության հղումներ

Գերմանիան հայտարարեց, որ Բեռլինում Խանգոշվիլիի սպանությունը պատվիրել է Ռուսաստանը


Վրաստան - Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատան դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցները պահել են Զելիմխան Խանգոշվիլիի դիմանկարները, 10-ը սեպտեմբերի, 2019թ.

Գերմանիայի դաշնային դատախազությունը Ռուսաստանի կառավարությանը մեղադրել է չեչեն նախկին դաշտային հրամանատար Զելիխման Խանգոշվիլիի սպանությունը պատվիրելու մեջ։ Գերմանայի դատախազությունը նշել է, որ անցած տարի Բեռլինում Խանգոշվիլիի սպանության մեջ կասկածյալը գործել է Ռուսաստանի կառավարական մարմինների պատվերով։

Վրաստանի քաղաքացի, ազգությամբ չեչեն 40-ամյա Զելիխման Խանգոշվիլին 2000-ականների սկզբին Չեչնիայում կռվել էր Ռուսաստանի բանակի դեմ։ Նա սպանվել է 2019-ի օգոստոսի 23-ին Բեռլինում։ Կասկածյալը ձերբակալվել էր, բայց Գերմանիայի իրավապահները նրա անունը մինչև երեկ չէին բացահայտում։ Ըստ հետաքննող լրագրողների տվյալների՝ կասկածյալի իսկական անունը Վադիմ Կրասիկով է, նա նախկինում ծառայել է Անվտանգության դաշնային ծառայությունում և մասնակցել է մի քանի պատվիրված սպանությունների կատարմանը։ Ռուսաստանում այդ անձը հետախուզվում էր, բայց անհայտ պատճառներով հետախուզումը դադարեցվել էր: Կեղծ փաստաթղթերով նա հայտնվել էր Գերմանիայում։

Երեկ Գերմանիայի դաշնային դատախազությունը սպանության և անօրինական զենք կրելու մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի քաղաքացի Վադիմ Կ․-ի նկատմամբ, կեղծանունը՝ «Վադիմ Ս․»։ Դատախազության փաստաթղթում ազգանունը չի նշվել։

Գերմանիայի արտգործնախարարը երեկ Վիեննայում էր: Այնտեղ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հայկո Մաասն ասել է, որ Ռուսաստանի դեսպանին ևս մեկ անգամ հրավիրել են արտգործնախարարություն՝ ևս մեկ անգամ ներկայացնելու գերմանական կողմի դիրքորոշումը։

Գերմանիայի կառավարության խոսնակն ասել է, թե հաշվի առնելով սպանությունը Ռուսաստանի իշխանությունների կողմից պատվիրված լինելու մասին դատախազության հայտարարությունը՝ կառավարությունն իրեն հետագա քայլերի իրավունք է վերապահում։

Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը պատվիրված սպանության մեղադրանքները անհիմն է որակել, իսկ Բեռլինի հնարավոր քայլերի մասին ասել է, թե դրանք անպատասխան չեն մնա։

Նախկինում Խանգոշվիիի դեմ մահափորձ էր իրականացվել։ 2015 թվականի դեկտեմբերին Թբիլիսիում նա վիրավորվել էր ուսից և ձեռքից: Դրանից հետո մեկնել էր Ուկրաինա, որտեղ նրան զգուշացրել էին նախապատրաստվող մահափորձի մասին։ Խանգոշվիլին թաքնվել էր, Բեռլինում հայտնվել էր 2016-ի վերջերին։

Գերմանիայի մայրաքաղաքում օրը ցերեկով կատարված սպանությունը լարվածություն է առաջացրել Բեռլինի ու Մոսկվայի հարաբերություններում։

Անցած դեկտեմբերին Գերմանիան երկու ռուս դիվանագետի վտարել էր երկրից, երբ դաշնային դատախազությունը հայտարարել էր, թե ըստ ձեռք բերված ապացույցների՝ սպանության հետևում օտարերկրյա հետախուզական գործակալություն է կանգնած:

Ռուսաստանի իշխանությունները հերքում են Խանգոշվիլիի սպանությանը իրենց մասնակցության պնդումները։ Ավելի վաղ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, առանց որևէ ապացույց ներկայացնելու, ասել էր, թե Զելիխման Խանգոշվիլին Մոսկվայի մետրոյի պայթյունների կազմակերպիչներից մեկն էր։ Պուտինն ասել էր, թե հավանաբար Խանգոշվիլին սպանվել է բանդիտական հաշիվներ մաքրելու արդյունքում։ «Դա բանդիտական միջավայր է, ինչ ասես կարող է պատահել», - հայտարարել էր Պուտինը՝ ավելացնելով, թե Ռուսաստանի իշխանությունները պահանջել էին Խանգոշվիլիի արտահանձնումը։ Բայց Բեռլինը դա հերքել էր։ Անցած տարվա դեկտեմբերին Գերմանիայի արտգործնախարարն ասել էր, թե Գերմանիան Մոսկվայից ոչ մի հայցադիմում չի ստացել Խանգոշվիլիի հետ կապված։

XS
SM
MD
LG