Թուրք քաղաքական գործիչ, փորձառու դիվանագետ Վոլքան Բոզքիրն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ։
Բոզքիրն առաջին թուրք գործիչն է, ով ընտրվեց այդ պաշտոնում։ Նստաշրջանի նախագահը ռոտացիոն, ժամանակավոր պաշտոն է։ Գալիք սեպտեմբերի 15-ին նա ստանձնելու է այդ պաշտոնը մեկ տարի ժամկետով։
Բոզքիրը միակ թեկնածուն էր։ Նրա անունը նախապես ուղարկվել էր ՄԱԿ-ի անդամ բոլոր 192 երկրներին՝ միաձայն աջակցություն ստանալու, առանց քվեարկության այդ պաշտոնում հաստատվելու համար։ Սակայն Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը քվեարկություն են պահանջել։ Քվեարկությունը երեկ տեղի է ունեցել ՄԱԿ-ի կենտրոնակայանում, անդամ երկրների դեսպանները դիմակով, սոցիալական հեռավորություն պահպանելով թերթիկները գցել են դատարկ դահլիճում տեղադրված քվեատուփի մեջ։
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Բոզքիրի թեկնածությանը կողմ է քվեարկել 178 երկիր, 11-ը ձեռնպահ են մնացել, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
Վոլքան Բոզքիրը թվիթերյան գրառմամբ՝ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին ճնշող մեծամասնությամբ իրեն ընտրելու համար։ Նա նաև գրել է, որ այս տարի նշվում է ՄԱԿ-ի հիմնադրման 75-ամյակը և մարտահրավերների այս ժամանակահատվածում ջանքեր կգործադրի միջազգային խաղաղության ամրապնդման համար։
Վոլքան Բոզքիրը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր է և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է։ Նա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է։ Բոզքիրը դիվանագիտական 40 տարվա աշխատանքային փորձ ունի ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ռումինիայում։
Թուրքիայի կառավարությունում նա զբաղեցրել է նաև եվրոպական հարցերով նախարարի պաշտոնը, ինչպես նաև գլխավոր բանագնացը Եվրամիության հետ բանակցություններում։
ՄԱԿ-ի առաջիկա նստաշրջանի նախագահին քվեարկությամբ ընտրելու պահանջից բացի, Հայաստանն ու Կիպրոսը նաև համատեղ նամակ էին ներկայացրել, որտեղ նշված է, որ Թուրքիան սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։ Հայկական կողմը բարձրաձայնել է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից երեք տասնամյակ իրականացվող շրջափակման, Հայոց ցեղասպանության շարունակական ժխտման և անգամ արդարացման քաղաքականության մասին։
Համատեղ նամակում Հայաստանը և Կիպրոսն ընդգծել են, որ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը պետք է ստանձնի այնպիսի երկրի ներկայացուցիչ, որի գործողությունները և վարած քաղաքականությունը համահունչ են ՄԱԿ-ի նորմերին և հռչակած արժեքներին:
«Ակնհայտ է, որ Թուրքիան լավագույն պետությունը չէ, որը կարող է բավարարել նշված չափանիշներին», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը: