Մատչելիության հղումներ

Փաշինյանի օր առաջ պաշտոնանկության հարց մեր օրակարգում չկա․ Էդմոն Մարուքյան


«Ազատության» զրուցակիցը Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է։

«Ազատություն». – Պարոն Մարուքյան, իշխանափոխության օրակարգով խորհրդարանից դուրս պլատֆորմ է ձևավորվում` Դաշնակցություն, Վանեցյան, նորաստեղծ քաղաքական ուժեր, երեկ էլ եկել էին Ծառուկյանին աջակցելու: Ձեզ առաջարկե՞լ են միանալ, հանդիպումներ, քննարկումներ եղե՞լ են:

Մարուքյան. – Եղել է առաջարկություն Դաշնակցության կողմից, որ նման ֆորմատով հանդիպում կա դեռևս ավելի վաղ` մոտավորապես մի հինգ օր առաջ: Մենք նպատակահարմար չենք համարել մասնակցել այդ ֆորմատով որևէ քննարկման: Ի սկզբանե այն օրակարգերը, որոնք հրապարակվել են, քանի որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օրակարգի հետ որևէ առնչություն չունեին, դրա համար մենք նպատակահարմար չենք համարել:

«Ազատություն». – Այսինքն` վարչապետի օր առաջ պաշտոնանկությունը Ձեր օրակարգում չկա:

Մարուքյան. – Որ լիներ, մենք ամենաառաջինը կբարձրաձայնեինք: Տեսեք, քննիչ հանձնաժողովի օրակարգը և մեր օրակարգն ա եղել: Գաղափարը դրել ենք շրջանառության մեջ, որից հետո մեզ կոչ էին անում, պարոն Վանեցյանն էր կոչ անում, որ ստեղծենք, հիմա «Բարգավաճ Հայաստանն» ա նախաձեռնել: Բայց գաղափարը մեր գաղափարն ա: Այն, ինչ որ մերն ա, մենք ենք դրել շրջանառության մեջ, մենք դրան տեր ենք, մինչև վերջ կտանենք: Էն, ինչ որ մեր գաղափարը չի, մեր մոտեցումը չի, ուրեմն ոչ: Մենք ասել ենք, երբ որ, օրինակ, հիմա էսօր 665 նոր դեպք կա կորոնավիրուսի, ծանր առողջապահական ճգնաժամի մեջ ա երկիրը, էդ պայմաններում մենք ճիշտ չենք համարում քաղաքական պատասխանատվության հարցը հենց հիմա բարձրացնելը: Էդ ուժերը Ձեր նշած, իրենք ասում են` չէ, հենց հիմա պետք ա դա արվի: Ինչ որ իրենք պահանջում են: Օրակարգերը տարբեր են: Ուզում են, թող հենց հիմա պայքարեն և հասնեն էդ օրակարգին: Դա մեր օրակարգը չի: Հիմա ես մտածում եմ միայն, որ ինչ անենք, որ էս առողջապահական ճգնաժամից դուրս գանք, որից հետո սոցիալ-տնտեսական ճգնաժամով պետք է զբաղվենք: Եվ էս իրավիճակում, որքանով էլ որ ես գտնում եմ, օրինակ, Առողջապահության նախարարը կամ այլ պաշտոնյաներ պետք է հրաժարական տան, ես կարծում եմ, որ դրա ժամանակը հենց հիմա չէ: Որովհետև հենց հիմա մենք գտնվում ենք էդ ճգնաժամի ամենաբարձր փուլում: Ճգնաժամը կավարտվի, պատասխանատուների մասին կսկսենք խոսել, քաղաքական պատասխանատվության հարց կբարձրացնենք:

«Ազատություն». – Իսկ ընդհանրապես, սկզբունքորեն, այդ ուժերի հետ որևէ ձևաչափով, որևէ հարցի շուրջ համագործակցություն հնարավո՞ր է: Այն իմաստով, որ ոմանք նրանց կապում են նախկինների հետ:

Մարուքյան. – Գիտեք, նախկիններ ասած բառը սխալ ա կիրառվում: Հիմա գործող իշխանությունը իրա պահվածքով շատ ավելի նախկին ա, քան շատ նախկիններ: Նախկինը դա ֆիզիկական անձ չի ինձ համար, նախկինը դա պահվածք ա, վարվելակերպ ա: Օրինակ, եթե իմ նկատմամբ բռնություն ա կիրառվում խորհրդարանում, էդ բռնություն կիրառողները նո՞ր Հայաստանից են, թե՞ նախկին... Նրանք ուղնուծուծով նախկիններ են: Ովքեր ծափ են տալիս դրա համար, նրանք նորե՞ր են, թե՞ նախկիններ... ուղնուծուծով նախկիններ են: Հետևաբար որևէ ուժի հետ մեր համագործակցությունը կախված ա օրակարգից: Մեր օրակարգի շուրջ համագործակցություն. որևէ անգամ չի եղել նման քննարկում: Ես միշտ եղել եմ քաղաքական բազմազանության կողմնակից և քաղաքական ռասիզմին էլ դեմ եմ... Հիմա օրակարգերը չի համընկնում, իրենք իրենց ճանապարհով են գնում, «Լուսավոր Հայաստանը»` իր ճանապարհով: Կտեսնենք վերջում ով շուտ տեղ կհասնի, կամ ուր կհասնի:

«Ազատություն». - Երբ ասում եք, որ հիմա ժամանակը չէ պատասխանատվության կանչելու համավարակի դեմ պայքարի պատասխանատուներին, նկատի ունեք, որ նաև գուցե այնուամենայնիվ հետաձգեք քննիչ հանձնաժողովի ձևավորումը, ինչը հիմա «Բարգավաճ Հայաստանը» հրատապ է համարում:

Մարուքյան. – Քննիչ հանձնաժողովը չի կարող հիմա ձևավորվել: Եթե մենք հիմա էլ ստորագրենք, մուտք անենք, այն սկսելու է գործել սեպտեմբեր ամսից:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG