Մատչելիության հղումներ

Լոռու գյուղերում ոմանք ասում են` «փողի համար են ընտրել» ԲՀԿ-ին ու ՀՀԿ-ին, ոմանք էլ` արած լավության


Մեծ Պարնի գյուղ, Լոռու մարզ

Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում, որտեղ 2017 թվականին Ազգային ժողովի (ԱԺ) ընտրություններին մասնակցածների ուղիղ կեսը ձայն է տվել «Ծառուկյան» դաշինքին, պնդում են՝ ինչպես «Բարգավաճ Հայաստանի», այնպես էլ իշխանական Հանրապետականի օգտին չէին քվեարկի, եթե համատարած գումար չբաժանեին։

«30 տարի խաբել են, խաբել, կերել են, կեղեքել են, թողել են, ռադները քաշել են, էսօր էլ սաղ փախուստի մեջ են», - ասում են բնակիչները:

Դիտարկմանը, թե իրենց խոսքով` «կեղեքողները» բավականին ձայներ են ստացել, արձագանքում են. - «Ո՞վ ա ստացել, «Բարգավա՞ճը», եթե փող չբաժաներ. նա հեչ կապեկ էլ չէր ունենա, հազար տոկոս»:

Համագյուղացի Էսենդուկի Շահնազարովը «Բարգավաճ Հայաստանի» հիմնադրումից ի վեր անդամակցում է կուսակցությանը։ Ծոցագրպանից հանեց 15 տարի խնամքով պահած անդամատոմսն ու սրտնեղեց՝ ինքն ամեն ինչ արել է հարազատ կուսակցի՝ Գագիկ Ծառուկյանի համար, փոխարենը ոչինչ չի ստացել։

«Ազատություն». - Կուսակցական գործունեություն արել ե՞ք։

Էսենդուկի Շահնազարով. - Շատ, իրա հմար շատ եմ ընդառաջել, բայց ինքը իմ հմար՝ ոչ մի բան։

«Ազատություն». - Ո՞ւմ համար։

Էսենդուկի Շահնազարով. - Ծառուկյանի։

«Ազատություն».- Ի՞նչ եք արել, որ ընդառաջել եք։

Էսենդուկի Շահնազարով.- Ավտոբուսով ժողովուրդ եմ տարել, որ իրան ընտրեն:

«Ազատություն».- Ո՞ւր եք տարել:

Էսենդուկի Շահնազարով. - Սպիտակ:

«Ազատություն». - Ասում եք` ես իր համար արի, ինքը չարեց, ի՞նչ պետք է աներ, որ չարեց։

Էսենդուկի Շահնազարով. - Չարավ էլի։

«Ազատություն». - Ի՞նչ պետք է աներ, փող պետք է տա՞ր։

Էսենդուկի Շահնազարով. - Ես խալխին եմ փող տալիս, նա էլ ինձ պետք ա տա՞ր փող։

«Ազատություն». - Դուք տալիս էիք, որ գնան, ընտրե՞ն։

Էսենդուկի Շահնազարով. - Հա։

Ասում ու հարևաններով հատ առ հատ թվարկում են՝ բարեգործ Ծառուկյանը գյուղում խեղճերին օգնություն է տվել, մարզիկներին աջակցել, և որ ամենակարևորն է՝ դեռ 10 տարի առաջ գյուղի գերեզմանատունն է ցանկապատել՝ անասուններից պաշտպանել. - «Գյուղի հմար մարդը գործ ա արել, զաբոռ էր արել գերեզմանի մոտ»:

Մեծ Պարնիում 10 տարի առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կառուցած ցանկապատից այսօր մասունքներ են մնացել։ Գյուղապետն ու գյուղացիները վստահեցրին, որ այս նույն ավերված վիճակում է եղել նաև 2017 թվականի ընտրությունների ժամանակ, երբ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքին գյուղում 560 մարդ ձայն է տվել՝ ընտրությանը մասնակցած քաղաքացիների կեսը։ Բայց միևնույնն է, ասացին՝ երախտամոռ չեն ու արած լավությունը չեն մոռացել. - «Մարդը արել ա չէ՞ ինչ-որ բան։ Լավությունը ինչ-որ տարիք ունի՞, որ անցնի տարիներ, մոռանաս, որ մարդը լավություն ա արել հաստատ Հանրապետականից ավելի լավ թեկնածու էր «Բարգավաճ Հայաստանը»։

Մեծ Պարնիի հանրապետական գյուղապետ Գագիկ Պալյանը 2017 թվականին «Ծառուկյան» դաշինքից կրկնակի պակաս ձայն է գրանցել իր կուսակցության օգտին։ Նա բացառում է, թե ԲՀԿ-ի համար գյուղում ընտրակաշառք է բաժանվել։ Ասում է՝ կուսակցության բարեգործություններն են կարևոր գործոն դարձել. - «Գյուղի, գյուղացիների համար տրակտոր է բերվել իրենց պատասխանատուի կողմից»։

Որևէ մեկին, անգամ գյուղապետին հայտնի չէր՝ ուր է հիմա տարիներ առաջ գյուղ հասցված տրակտորը, կամ թե «Բարգավաճ Հայաստանը» որքան է ծախսել գերեզմանատան արդեն գոյություն չունեցող ցանկապատի վրա։ Բայց գյուղի ԲՀԿ համակարգող Արմեն Բադալյանն ասաց՝ սուրբ գործը գին չունի. - «Գերեզմանները յուրաքանչյուր հոգու համար սրբատեղի ա, երկար տարիներ էտ գերեզմանները բարձիթողի վիճակում էին, նույնիսկ կենդանիներ էին բարձրանում այդ գերեզմանը: Ծառուկյանն այն մարդն էր, որ սրբություն հարգել գիտեր, ինքը բերեց գերեզմանները ցանկապատել տվեց, ոչ ոք չպետք է ուրանա։ Երախտամոռությունը դատապարտելի է»:

Դիտարկմանը, որ 2017-ի ընտրությունների ժամանակ ցանկապատն, ըստ էության, արդեն չի եղել, արձագանքում է. - «Բայց արել ա, երբեք արած լավությունը չպետք է մոռանալ։ Ոնց որ ես մեկի կյանքը ժամանակին փրկեմ, ու հետո ուրանանք, տենց բան չկա»:

Մեծ Պարնիում չեն մոռացել նաև, որ ԲՀԿ առաջնորդը հաճախ է այցելել հարևանությամբ գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Այստեղ էլ արած ունի, ասում են. - «Ուրեմն, իմանալով, որ տղա ունենալիս չի եղել, եկել ա, բարձրացել Սուրբ, մատաղ ա արել ու տղա ա ունեցել, անունը դրել Հովհաննես, էտ Սուրբ Հովհաննեսն ա մեր, ու տենց էտ մարդը գալ-գնալ ա ունեցել էս գյուղ»։

Քիչ հեռու՝ Գոգարան գյուղում էլ 2017 թվականին «Ծառուկյան» դաշինքն զգալի ձայներ է ստացել` կրկնակի ավել, քան այդ տարիների իշխանության գլուխ կանգնած Հանրապետականը։ Այստեղ էլ շնորհակալ էին Գագիկ Ծառուկյանին գերեզմանատունը ցանկապատելու համար. - «Ինքը անհատներին, քյասիբներին հա էլ օգնել ա։ Գերեզմանատունը զաբոռապատել ա լրիվ»։

Գոգարանցի Ջանիկ Գասպարյանը, մինչդեռ, շեշտում է՝ դեռ տասը տարի առաջ տեղի ունեցած ընտրություններին ընտրողները Ծառուկյանի լավության տակից դուրս են եկել։ 2017-ին արդեն պարտք-պահանջ չէր կարող լինել, ու մանրամասն բացատրում է տարիներ շարունակ գյուղում գործած ընտրական մեխանիզմը՝ քվեն գին ուներ, բարեգործությունը՝ նույնպես:

Ջանիկ Գասպարյան. - Հա, նա ցանկապատը քաշել ա, մենք էլ իրան ընտրել ենք, նենց որ մենք քվիթ ենք իրա հետ։ Նա ձրի չի արել։ 17 թվին էլ փողը տվել ա, ընտրել են, ո՞նց ա էլել, ձրի ո՞վ է ընտրել: Հանրապետականը չի՞ տվել փող: Փողով ա էլել։ Ինձ էլ են առաջարկել, որ բաժանեմ մարդկանց փող, բերել են, տվել, ասել են` բաժանի, էտտեղ ի՞նչ գաղտնիք կա:

«Ազատություն». - Համաձայնեցի՞ք։

Ջանիկ Գասպարյան. -Չէ, ես չհամաձայնեցի։ Դա ինձ հետաքրքիր չէր։

«Ազատություն». - Ձեզ ինչքա՞ն պետք ա մնար էդ փողից։

Ջանիկ Գասպարյան. -Ես չգիտեմ, ես երևի պետք ա բաժանեի, ես էլ իմ հասանելիքը վեր ունեի էլի։ Ստեղ կար իրա ներկայացուցիչը։ Իրան թե ինչքա՞ն էին խոստացել, էդ արդեն Սպիտակից ա, նրա շեֆն էլ Սպիտակ ա։ Ու թենց էլի։

«Ազատություն». - Այսինքն` ինքն էլ իր աշխատողներն ունե՞ր։

Ջանիկ Գասպարյան. - Սպիտակից գալիս են, ստեղ մենակ էդ իրա ներկայացուցչին չեն ասել, ստեղ 3-4 հոգի փող ա բաժանել «Բարգավաճի» համար։ Փողով, միայն ու միայն փողով։

«Ազատություն». - Ո՞նց էր, համատարա՞ծ էին բաժանում:

Ջանիկ Գասպարյան. - Ստեղ կար, որ օրինակ` նույն մարդը Հանրապետականից էլ էր վերցնում, նրանից էլ, հետո էտ մարդիկ, ովքեր փողը տվել էին, իրար ցուցակը ցույց էին տալիս:

«Բարգավաճ Հայաստանի» 2017 թվականի ներկայացուցիչ Բենյամին Տիգրանյանը հերքեց՝ փող բաժանելու հետ գործ չի ունեցել։ Տեղյակ չէ։ Բենյամին Տիգրանյանը հիշատակեց Հանրապետական կուսակցության նախկին անդամ, սպիտակցի Վանիկ Ասատրյանին, որ 2017 թվականին ԱԺ պատգամավոր ընտրվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ Նա վեց տարի Սպիտակի քաղաքապետն է եղել, ապա մինչև պատգամավոր դառնալը պաշտոններ է զբաղեցրել Լոռու մարզպետարանում։

Գոգարանում ԲՀԿ գործերը համակարգողներից մեկը՝ Բենյամին Տիգրանյանն ասաց՝ ընդամենը խոստումների դիմաց գոգարանցիներով ընդառաջել են թեկնածուին. - «Էն մարդը, ասենք, խոստացել ա, որ ինչ-որ հարցերով` թե՛ տեխնիկայի, թե, ասենք, աշխատանքի տեղ բացելու մեզ կօգնեն, մենք էլ իրանց օգնել ենք, էդքան բան։

Եթե մարդուն գործի տեղ են տալիս, աշխատում ա, ընտրակաշառք ա՞»։

Մեծ Պարնի ու Գոգարան գյուղերում անգամ չէին էլ մտածում, թե այսօր իրենցից հեռու՝ մայրաքաղաքում, քննության առնված ընտրակաշառքի գործը մի օր ընտրողներին կառնչվի՝ որպես կաշառք ստանալու մեղադրանք։ Գյուղացիներն ասում էին՝ քննիչներն իրենց գյուղ ոտք դնելու իրավունք չունեն, քանի դեռ Հայաստանում բոլոր «թալանչիները» մեկ առ մեկ պատասխան չեն տվել. - «Թալանչիներին պտի բռնեն, տանեն, ծակը կոխեն, անմեղ մարդիկ էլ իրանց հմար պտի ապրեն։ Թող գնան, Միշիկին ման արի, գտի։ Էն փախստական միլիարդատերերին գնացեք, ման եկեք, գտեք, հետո մեզ եկեք, ասեք՝ ինչ եք անում, ինչ չեք անում»:

«Մեր աշխատանքը իրանք կերան, կերան։ Մենք էլ սաղ տարին տասերկու ամիս աշխատում ենք, հեչ զադ ենք։ Օրվա հացի էլ ենք կարոտ», - ասում են բնակիչները։

XS
SM
MD
LG