Մատչելիության հղումներ

Վարչապետը և զոհված զինծառայողների ծնողները քննարկել են քննչական խմբի ձևավորման աշխատանքները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է զոհված զինծառայողների ծնողների հետ: Նա նշել է, որ այս ընթացքում աշխատանքը ոչ մի րոպե կանգ չի առել, հիշեցրել, որ պայմանավորվել էին, որ վստահելի խումբ պետք է ձևավորեն, որը, ըստ էության, պետք է տա այն հարցերի պատասխանը, որ հուզում է բոլորին:

Կառավարության լրատվական ծառայությունից փոխանցում են, որ վարչապետը ընդգծել է մասնավորապես. - «Ես պատրաստ եմ ընդունել ցանկացած ճշմարտություն, ես չգիտեմ՝ ինչ է լինելու վերջը, ճշմարտությունը, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է այսպես տրամադրվի»:

Վարչապետի օգնականը և զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը ներկայացրել են համատեղ այլընտրանքային քննչական խմբի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել խմբում ներառել զոհված զինծառայողների իրավահաջորդների համար վստահելի 3 իրավաբանի և վարչապետի կողմից առաջադրված 3 իրավաբանի:

Աշխատակարգով նախատեսվում է ձևավորել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ընդհանուր առմամբ 8 քրեական գործ, յուրաքանչյուր գործով առանձին հանդիպում կունենա զոհված զինծառայողի իրավահաջորդի հետ, և առկա նյութերի համալիր ուսումնասիրության արդյունքում խորհրդատվական եզրակացություն կներկայացնի վարչապետին: Ընթացքի մեջ են խմբի կազմում իրավաբանների ներգրավման աշխատանքները, փոխհամաձայնեցվել է քրեական գործերի ուսումնասիրության հերթականությունը:

Ծնողների առաջարկությամբ որոշվել է խմբի կազմում որպես իրավաբան ընդգրկել զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG