Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 665-ով, բուժվածներինը՝ 746-ով, գրանցվել է մահվան ևս 7 դեպք


Բուժաշխատողներ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 665-ով՝ հասնելով 18 հազար 698-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 746-ով և հասել 7 հազար 560-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 392 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 89 հազար 992-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 309-ի, կորոնավիրուսով վարակված ևս 101 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 հազար 728 մարդ:

Կառավարության նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնավորապես ասաց. - «Մի անգամ հնչեցրել եմ, ուզում եմ նորից, դա շատ կարևոր է: Մեզ հաճախ առաջ հարցնում էին, թե որտեղ են այդ վարակման օջախները, և վերլուծությունները իրոք ցույց են տվել, որ շատ մեծ կուտակումներ կան մոտ հասցեների և փողոցների, նույն փողոցում եղած դեպքերի: Եվ էս հարցը այնքանով է կարևոր, որ մենք փաստացի կենտրոնական փողոցներում, աշխատանքի վայրերում հնարավորություն ունենք, մեծ հնարավորություն ունենք վերահսկելու դիմակների կրումը և սոցիալական հեռավորության պահելը, բայց բակային և նաև այսպես կոչված այնպիսի թաղամասերում, որտեղ որ տնտեսական գործունեությունը մեծ չի, <...> որտեղ որ մարդիկ պարզապես իրենց տներն են գտնվում, շատ դժվար է լինում էդ վերահսկողությունը իրականացնել: Եվ էստեղ ես չեմ պատկերացնում այլ գործիք, ինչքան ուզում է ոստիկանական ուժերը մեծացնենք, քան մարդկանց գիտակցության վրա հենվելը»:

«Առավոտյան 9:00-ի դրությամբ մենք ունենք 143 հոգի, որ կարիք ունի Covid հոսպիտալներում հոսպիտալիզացիայի, որից 25-ը գտնվում են տանը, որոնցից 9-ը թեթև ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալիզացիայի, 16-ը միջին ծանրության են, էլի կարիք ունեն հոսպիտալիզացիայի, տանը գտնվող քաղաքացիներից, բարեբախտաբար՝ 80 և ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը», - մանրամասներ փոխանցեց նախարարը:

Սակայն, շարունակեց նա, «ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք գտնվում են այլ բժշկական կենտրոններում, որտեղ նեղ մասնագիտացված կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում չի իրականացվում, և կարիք ունեն տեղափոխման ավելի իմ ասած ուղղվածությամբ հիվանդանոցներ»: «Այս թիվը օրվա ընթացքում հիմնականում տատանվում է, մենք վերջին օրերին ունեցել ենք մինչև 200, ունեցել ենք ավելի քիչ, բայց միտում իջնելու կամ զրոյանալու չկա, պատճառը մեծ թվերն են», - նշեց Թորոսյանը:

Նախարարը հայտնեց նաև, որ «նույնիսկ վերջին օրերի ավելացումները մահճակալային ֆոնդի, օրինակ՝ հիմա մենք ունենք 263 արդեն ռեանիմացիոն մահճակալ, որոնք տրամադրված են միայն կորոնավիրուսին, երկու շաբաթ առաջ դրանք մոտավորապես 200-ն էին, միևնույն է, ազատ տեղեր պրակտիկորեն չկան, այսինքն՝ հատուկենտ ազատ տեղեր են»:

«444 հոգի ունենք ծանր վիճակում գտնվող, և 131` ծայրահեղ ծանր վիճակում, որից 39-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա», - նաև փոխանցեց Թորոսյանը:

XS
SM
MD
LG