Մատչելիության հղումներ

Դատախազությունը վերաքննիչ բողոք է նախապատրաստում Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ դատարանի որոշման դեմ


Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ դատարանի որոշումն ստացվել է Գլխավոր դատախազությունում և ուսումնասիրվել: Եվ ելնելով նրանից, որ դատախազության գնահատմամբ կայացվել է անհիմն և ապօրինի որոշում, ներկայումս դրա դեմ վերաքննիչ բողոք է նախապատրաստվում: Այս մասին «Ազատությանը» ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Դավիթ Գրիգորյանի և նրա օգնականի նկատմամբ քրեական հետապնդումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար, մեղադրանքը չի ընդունում։ Ավելին, դատավորը հայտարարել էր, թե այս ամենն իր հետ տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ անցած տարի մայիսի 18-ին կալանքից ազատ արձակեց Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև կասեցրեց քրեական գործն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ որոշ կասկածներ փարատելու համար։

Ըստ քրեական գործի, դատավոր Գրիգորյանը պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու պատճառով այնպես է արել, որ դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել այն մասին, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, Քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր, հայտարարում է ՀՔԾ-ն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG