Մատչելիության հղումներ

Ավարտվեց ԲՀԿ ղեկավարի հարցաքննությունը ԱԱԾ-ում


Ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ):

ԱԱԾ շենքի մոտ էին հավաքվել ԲՀԿ խմբակցության պատգամավորները, Գագիկ Ծառուկյանի աջակիցները: Ոստիկանությունը Ազգային ժողովի և ԱԱԾ շենքերի մոտից բերման էր ենթարկել 170 քաղաքացու: Նրանք բոլորն էլ այս պահին ազատ են արձակվել:

Այսօր ավելի վաղ անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս, որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու միջնորդությունը: Պատմեց, որ այլ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության ընթացքում են հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017թ. խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր, ըստ որոնց` Գեղարքունիքի մարզում անհրաժեշտ ձայներ ապահովելու համար հատկացվել է միլիոնավոր դրամի ընտրակաշառք: Գործով արդեն 2 ձերբակալված կա։

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է նաև հունիսի 14-ին: Նույն օրը Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել Ծառուկյանի առանձնատանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG