Մատչելիության հղումներ

ԱԺ նիստը մեկնարկեց. Ծառուկյանը նիստերի դահլիճ առայժմ չի մտել


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ ամբիոնից ներկայացնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, Երևան, 16-ը հունիսի, 2020թ.

Ազգային ժողովի նիստը, որի ժամանակ քննարկվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը, մեկնարկել է:

Գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից ներկայացրեց միջնորդությունը: Թեև հարուցված է ԲՀԿ առաջնորդին առնչվող երեք քրեական գործ, Արթուր Դավթյանն իր միջնորդությունում անդրադարձավ միայն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու գործին:

Ծառուկյանը, ըստ ԲՀԿ-ական պատգամավորների, խորհրդարանում է, սակայն նիստերի դահլիճ նա առայժմ չի մտել:

ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանը այսօր ելույթ է ունենալու:

Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, իր հերթին, ասաց, թե լինելու են անակնկալներ:

Գլխավոր դատախազը երեկ է միջնորդություն ներկայացրել ԲՀԿ առաջնորդին 2017-ի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանք առաջադրելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ:

«Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը պնդում է, որ այդ քրեական գործերը հորինված են քաղաքական պատվերով:

XS
SM
MD
LG