Մատչելիության հղումներ

Սահակ Մաշալյան. «Աշխարհի փրկությունը խաչի ու կիսալուսնի միությունն է»


Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյան, արխիվ

Օրերս Պոլսո Հայոց պատրիարք Սահակ երկրորդ Մաշալյանը ուշագրավ հայտարարություն է արել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու շուրջ ծավալված քննարկումների վերաբերյալ:

Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օրակարգ էր բերել Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը որպես մզկիթ վերաբացելու հարցը: Բյուզանդական նշանավոր կոթողը 1934 թվականին թուրքական կառավարության որոշմամբ թանգարանի կարգավիճակ էր ստացել: Այս որոշման չեղարկման և տաճարին կրկին մզկիթի կարգավիճակ տալու հարցը քննարկվելու է հուլիսի 2-ին Թուրքիայի պետական խորհրդի նիստում:

Արքեպիսկոպոս Մաշալյանը թեմայի շուրջ թվիթերյան իր էջում գրել է, թե կողմ է, որ Սուրբ Սոֆիան կրկին դռները բացի հավատացյալների առաջ: Նրա կարծիքով, տաճարը բավական մեծ է, և մի մասն էլ կարելի է հատկացնել քրիստոնյաներին: «Այսպիսով, Սուրբ Սոֆիան կդառնա դարաշրջանի և մարդկության խաղաղության խորհրդանիշ», - գրել է Սահակ երկրորդը:

Պատրիարքի խոսքով՝ հազարավոր բանվորների աշխատանքով և հարստություն ծախսելով կառուցված, ավելի քան 1500 տարվա ընթացքում պարբերաբար վերանորոգված տաճարը մինչ օրս պահպանվել է, որպեսզի պաշտամունքի վայր լինի, ոչ թե թանգարան: «Արդյո՞ք շատ ուտոպիական է հնչում: Չէ՞ որ բոլորս միևնույն երկնային գմբեթի տակ ենք անում մեր աղոթքը: Սուրբ Սոֆիայի գմբեթն էլ կարող ենք կիսել: Թեկուզ տարբեր դավանանքներ ունեն, մի՞թե մեկ Աստծուն չենք պաշտում», - գրել է Մաշալյան Պատրիարքը՝ համոզմունք հայտնելով, որ «խաչի և կիսալուսնի նոր հակամարտության շքեղություն այլևս չենք կարող թույլ տալ, աշխարհի փրկությունը խաչի ու կիսալուսնի միությունն է»:

Պոլսո Հայոց պատրիարքի այս գրառումը հակասական արձագանքների տեղիք է տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG