Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանի փաստաբանների հաղորդումը հանցագործության մասին ուղարկվել է Ոստիկանություն


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանների՝ հանցագործության մասին հաղորդումը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ոստիկանության քրեական գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու և քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` հավելելով, որ միայն սրանից հետո պարզ կդառնա՝ կհարուցվի՞ քրեական գործ 41 տարի առաջ խորհրդային դատարանի վճիռն օրեր առաջ համացանցում հանրայնացնելու համար, թե՞ ոչ։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ տասնամյակներ առաջ տեղի ունեցած վճռի հրապարակմամբ խախտվել է մարդու անձնական կյանքի իրավունքը։ Տարիներ առաջվա դատական գործը դռնփակ է եղել, ինչը նշանակում է, որ այն հրապարակման ենթակա չէ. – «Հստակ չի՞, որ մարդու անձնական կյանքին ա վերաբերվում: Որ մարդը ունի ընտանիք, անձնական կյանք, երեխաներ, ու նմանատիպ տեղեկություններ հրապարակելով իր անձնական կյանքի անձեռնմխելիությունը խաթարվում է»:

Օրերս համացանցում հայտնվեց դեռևս Խորհրդային Հայաստանի Գերագույն դատարանի 1979 թվականի հոկտեմբերի 1-ի վճիռը, որով Ծառուկյանն ու մի քանի անձինք մեղադրվել են օտարազգի երկու կանանց նկատմամբ մի խումբ անձնաց կողմից բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և կողոպուտի համար։ Դատարանը Ծառուկյանին մեղավոր է ճանաչել երկու արարքների համար և նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Հետո ԲՀԿ-ականները հայտնեցին, թե Ծառուկյանը դատարանում պնդել է, որ տուժողների հետ բռնությամբ չի կենակցել։ Ըստ հրապարակած փաստաթղթի, դատարանում կանանցից մեկը հրաժարվել է նախաքննական ցուցմունքից՝ պնդելով, թե իր համաձայնությամբ է սեռական հարաբերությունը տեղի ունեցել։ Մինչդեռ դատարանը այս ցուցմունքը արժանահավատ չի համարել։

Դատարանի այս որոշումը բողոքարկման ենթակա չի եղել։ Եվ միայն շուրջ 22 տարի անց, ինչպես պնդեց Ծառուկյանի փաստաբանը, դիմում է ներկայացել Վճռաբեկ դատարան։

Էմին Խաչատրյանն ասաց, որ այս դիմումը ստորագրել է հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը, քանի որ այն ժամանակ նման ընթացակարգ գոյություն ուներ, և ամեն փաստաբանի վճռաբեկ բողոք ներկայանցելու իրավունք տրված չէր։ Այսինքն՝ հենց Գագիկ Ծառուկյանն է դիմում ներկայացրել Վճռաբեկ դատարան, ոչ թե իրավապահները:

Թե արդյոք Ծառուկյանը կրել է խորհրդային դատարանի նշանակած պատիժը, հայտնի չէ։ Նրա փաստաբանն ասաց, որ գործի նյութերը դեռևս իրենց մոտ չեն, և շատ մանրամասների ինքը ծանոթ չէ։ Դիմել են պետական մարմիններին՝ ստանալու այդ փաստաթղթերը։

Դեպքից 22 տարի անց` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ, 2001 թվականի Վճռաբեկ դատարանի կողմից դատավճիռը բեկանվել է, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը` «կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով», և նա արդարացվել է: Ըստ վճռի` «սպառված են լրացուցիչ ապացույցներ հավաքելու բոլոր հնարավորությունները, հատկապես հաշվի առնելով նաև այն, որ դեպքից շուրջ 22 տարի է անցել»:

Ծառուկյանի փաստաբանը պնդում է, որ իրավապահները պետք է քննություն անցկացնեն՝ պարզելու, թե ով է ի վերջո հրապարակել այդ փաստաթուղթը։ Ըստ Խաչատրյանի, կասկածները տանում են պետական մարմիններ. – «308 հոդվածի հատկանիշներ ենք տեսել այդ հրապարակումների հետազոտության արդյունքում, քանի որ այնտեղ աջ անկյունում համարակալումներ կան, ու ողջամիտ կասկած ա առաջանում, որ դա կարող ա արխիվացված քրեական գործի նյութերից վերցված լինեն»:

«Ազատությունը» հարցում էր ուղարկել Դատական դեպարտամենտ՝ փորձելով ստանալ Ծառուկյանի գործի նյութերը, բայց դեպարտամենտից պատասխանել են, որ մինչև 1986 թվականը Հայաստանի դատարաններում քննված բոլոր դատական գործերը հանձնվել են հայաստանի արխիվ։ Արխիվին ուղղված մեր հարցմանը դեռևս չեն պատասխանել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Ազատության» հետ զրույցում շեշտում է, թե կապ չունի՝ Գագիկ Ծառուկյանն է, թե այլ անձ՝ անձնական տեղեկատվություն հրապարակելը սխալ է։

Սակայն Կարապետյանցը նաև շեշտում է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք արդարադատություն չկար, և որ Ծառուկյանին արդարացնելը իրավական որոշում համարել չի կարելի. – «Ես կարծում եմ, որ շատերի համար Գագիկ Ծառուկյանը հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծված քաղաքական կերպար էր, և էդ սովորույթը կարծես թե կար. մի տարվա մեջ դիպլոմ ստանալ, մի տարվա մեջ գիտությունների դոկտոր դառնալ, մի տարվա մեջ արդարացվել, մի տարվա մեջ... Այսինքն` էդ ընդունված կարգ էր, լավություն էին անում ու հետո էդ լավության համար պարտք էին մնում: Ես կարծում եմ, որ էդ արդարացումը իրականությանը չի համապատասխանում»:

Նինա Կարապետյանցի կարծիքով, ցանկացած քաղաքական հայտ ներկայացնող անձ պետք է հաշի առնի իր անցյալն ու իմանա, որ քաղաքական հակառակորդները կարող են անցյալին վերաբերող փաստաթղթեր հանել ջրի երես. – «Իսկ էն, որ քաղաքական հակառակորդները պիտի փորփրեին, քչփորեին ու հազար տարվա դիակներ հանեին շկաֆերից, էդ բոլորը գիտեն: Ամբողջ աշխարհում էդպես է. քաղաքական հակառակորդները փորձում են քաղաքական պայքարի ընթացքում գուցե ինչ-որ տեղ նաև անթույլատրելի տեղեկատվություն հանել ու շահարկել: Երբ որ դու գնում ես ինչ-որ քայլի, ինչ-որ ճանապարհ ես սկսում անցնել, դու պիտի գիտակցես դու պատրա՞ստ ես դրան դիմակայելու, դու կդիմանա՞ս էդ հարվածներին, թե՞ չէ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG