Մատչելիության հղումներ

Հանցագործության մասին Ծառուկյանի փաստաբանների հաղորդումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն


ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբաններից ստացված հանցագործության մասին հաղորդումը գլխավոր դատախազությունը ուղարկել է ոստիկանության քրեական գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու և քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ծառուկյանի փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել գլխավոր դատախազություն:

Փաստաբանների հաղորդումը վերաբերում է դեռ 1979 թվականին Ծառուկյանի և մի քանի անձանց վերաբերյալ դատավճիռը հրապարակայնացնելուն, կարծում են, որ խախտվել են Ծառուկյանի իրավունքները:

1979 թվականին կայացված դատավճռով Գագիկ Ծառուկյանը մեղավոր է ճանաչվել խմբակային բռնաբարության ու գողության կատարման համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: Թե արդյոք Ծառուկյանը կրել է խորհրդային դատարանի նշանակած պատիժը, թե՝ ոչ, հայտնի չէ։ Խորհրդային դատարանի որոշման մեջ ասված է, որ որոշումը վերջնական է ու բողոքարկման ենթակա չէ, սակայն դատավճռից շուրջ 22 տարի անց` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ` 2001թ. ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դատավճիռը բեկանվել է, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը` «կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով», և նա արդարացվել է: Ըստ վճռի` «սպառված են լրացուցիչ ապացույցներ հավաքելու բոլոր հնարավորությունները, հատկապես հաշվի առնելով նաև այն, որ դեպքից շուրջ 22 տարի է անցել»:

XS
SM
MD
LG