Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 7,5 միլիոնը, ավելի քան 3,5 միլիոն մարդ բուժվել է, 421 հազարը՝ մահացել


ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածին տեղափոխում են Չիկագոյի հիվանդանոց, արխիվ
ԱՄՆ - Կորոնավիրուսով վարակվածին տեղափոխում են Չիկագոյի հիվանդանոց, արխիվ

ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում ընդհանուր առմամբ արձանագրվել է Covid-19-ի ավելի քան 7,5 միլիոն դեպք, մահացել է շուրջ 421 հազար մարդ, ապաքինվել՝ 3 միլիոն 540 հազարը:

Միացյալ Նահանգներում վարակվածների թիվը գերազանցել է 2 միլիոնը, մահվան դեպքերի թիվը մոտենում է 114 հազարին:

Ռուսաստանում հաստատված դեպքերի թիվն անցել է կես միլիոնը, երկիրը վարակվածների թվով երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում հիվանդությունից մահվան ավելի քիչ դեպքեր են գրանցվել, քան տասնյակ այլ երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս շաբաթ հայտարարեց, որ Ռուսաստանում մահացության ցածր մակարդակը դժվար է բացատրել: Այնուամենայնիվ, Մոսկվան հերքում է վարկածը, թե կորոնավիրուսից մահացության պաշտոնական տվյալները երկրում արհեստականորեն իջեցված են:

Թայլանդում հայտնի բուդդայական տաճարի դռները փակել են օտարերկրացիների համար՝ ելնելով Covid -19-ի տարածման մտավախություններից: Բանգկոկի Վաթ Ֆոյի տաճարի գլխավոր դարպասին գրված է. -«Ներկայումս արտասահմանցիների մուտքն արգելված է»:

Հուլիսի 1-ից Եգիպտոսը կսկսի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների՝ նրանց կթույլատրվի այցելել կորոնավիրուսից ամենաքիչ տուժած ափեր: Ակնկալվում է, որ առաջինը կբացվեն Կարմիր ծովի հանգստի գոտիները: Մարտին Եգիպտոսը փակել է իր օդանավակայանները՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով:

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է 22 հազար աշխատատեղ կրճատելու մասին` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ավիափոխադրումների կտրուկ նվազման պատճառով: Ավիաընկերությունը ճգնաժամից հետո պահանջարկի դանդաղ վերականգնում է կանխատեսում:

Ուկրաինայում պաշտոնապես հայտարարվել է անցած օրվա ընթացքում Covid-19-ի 689 նոր դեպքի հաստատման մասին: Առողջապահության նախարարությունում նման թվերը մտահոգիչ են համարում և նշում, որ հնարավոր է վերադարձ որոշ սահմանափակումների:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է՝ համաճարակի տարածումը Աֆրիկայում, որը մինչ օրս ամենաքիչն է տուժել կորոնավիրուսից, նոր թափ է հավաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG