Կառավարությունն այսօր սահմանեց պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում՝ բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները:
Որոշման համաձայն՝ մեկ օգտատիրոջ կողմից մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 հաղորդում:
Ոստիկանապետ Վահե Ղազարյանը հայտնեց, որ բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի, կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն:
Ղազարյանը նշեց, որ որոշման նպատակը ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները նաև բջջային հավելվածի միջոցով քաղաքացիների կողմից արձանագրելու հնարավորություն տալն է: Բջջային հավելվածը հասանելի կլինի Հայաստանում մշտապես բնակվող անձանց համար: «Հավելվածի միջոցով ստացված նյութի հիման վրա վարչական վարույթն իրականացվելու է, եթե այն հնարավորություն կտա ներկայացնելու իրավախախտման ամրագրված ֆիզիկական անձին իրավախախտման գործիք հանդիսացող տրանսպորտային միջոցի համարանիշը, իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը, բացի այդ՝ տեսանյութը պետք է ուղարկված լինի առցանց ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին», - ասաց ոստիկանապետը:
Ակնկալվում է, որ արդյունքում կբարձրանա ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաև չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ուսումնասիրել ցանկում նաև ավտոմեքենայում մեկից ավելի մարդ լինելու պարագայում դիմակ չկրելու դեպքը ներառելու հարցը.- «Ամենահրատապ հարցերից մեկն է, պետք է դա էլ ավելացնել»:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց՝ ավտոմեքենայի ներսում իրականացվող իրավախտումները հնարավորություն չի տրվելու արձանագրել, Ավինյանն ասում է՝ անձնական տվյալների հետ կապված որոշակի խնդիր կա.- «Մասնավորապես Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և Արդարադատության նախարարությունը անձնական տվյալների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր են բարձրաձայնել, և հետևապես որոշ խախտումներ այս տարբերակով, այս տեսակով ուղղակի հնարավորություն չի տրվելու արձանագրել, մասնավորապես այն խախտումները, որոնք վերաբերում են ավտոյի ներսում գտնվող ինչ-որ պրոցեսի` ամրագոտու կապմանը, թեկուզ նույն դիմակի կրումը, որովհետև այդտեղ անձնական տվյալների հետ կապված որոշակի հարցեր կան»:
Վարչապետը հետաքրքրվեց` անձնական տվյալների պահպանության ի՞նչ խնդիր կա.- «Անցավ, նկարեց, որ մեքենայի մեջ առանց դիմակի անձ կա, մեքենայի համարը գրվեց, վարորդին տուգանում են դրա համար: Մենք հիմա նենց իրավիճակում ենք, պետք է այդ բանն էլ ավելացնել, բա մենք քաղաքացիներին ասում ենք հակամահաճարակային շարժում ենք սկսում, չե՞նք ուզում գործիք տալ քաղաքացիներին, որ իրենք մասնակցեն դրան: Ինչո՞ւմն է պրոբլեմը, պարո՛ն Բադասյան»:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ եթե անձին տեսանկարահանում են, լուսանկարահանում են կոնկրետ ժամին, կոնկրետ վայրում, նրա վերաբերյալ տեղեկություններ են հավաքում, դա անձնական տվյալների միաշնանակ մշակում է. - «Ու հենց այդ համաչափությունը հաշվի առնելով` այնպիսի իրավախախտումներն են արձանագրվում, որոնք հնարավորինս քիչ անձնական տվյալների մշակում են ենթադրում, այսինքն` անձին մեքենայի մեջ, կոնկրետ օրը, կոնկրետ ժամը, կոնկրետ վայրում նմանատիպ անձնական տվյալներ հավաքելը կարող է խնդրահարույց լինել»:
«Դե ավելի լավ, դիմակով որ լինեն, չեն ճանաչի` ով է, ինչ անեն, նկարեն, ինչ հարաբերությունների մեջ էլ լինեն, դա ևս մեկ խթան է, որպեսզի հակահամաճարակային կանոնները պաշտպանեն, եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում և չեն ուզում, որ կողքից իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է կրել հնարավորինս դեմքը լավ և ամուր փակող դիմակներ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Այնուամենայնիվ, նախագիծը կառավարության հավանությունը ստացավ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խոստացավ՝ կրկին կուսումնասիրեն խնդիրն ու կփորձեն վարչապետի առաջարկի հիման վրա լուծումներ գտնել։
Բջջային հավելվածով իրավախախտումներն արձնագրելու վերաբերյալ կառավարության որոշումը ուժի մեջ է մտնելու հավելվածի գործարկման պահից, սական ոչ ուշ, քան 2021 թվականի հունվարի 1-ը։