Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 566-ով, բուժվածներինը՝ 240-ով, գրանցվել է մահվան ևս 18 դեպք


Հայաստան, Երևան - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մայիս, 2020թ.
Հայաստան, Երևան - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մայիս, 2020թ.

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 566-ով՝ հասնելով 14 հազար 669-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 18 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 240-ով և հասել 5 հազար 466-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 2 հազար 233 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 75 հազար 389-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. - «Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 76 (կին), 86 (տղամարդ), 83 (կին), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 64 (տղամարդ), 71 (տղամարդ), 78 (կին), 67 (տղամարդ), 74 (տղամարդ), 86 (տղամարդ), 69 (տղամարդ), 58 (տղամարդ), 66 (կին), 81 (տղամարդ), 73 (տղամարդ), 60 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 245-ի, կորոնավիրուսով վարակված ևս 82 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 876 մարդ:

Այսօր Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. - «Ցավոք սրտի, Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը շարունակում է դառնալ Կառավարության թիվ 1 օրակարգային խնդիրը»:

Ներկայացնելով վերջին տվյալները՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնավորապես նշեց. - «Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է [նախորդ օրվա համեմատ], սակայն պետք է փաստենք նաև, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքան տոկոսով մեծ եղել»: «Դրական նոր թեստերի տոկոսը ընդհանուր թեստերի մեջ մոտավորապես կրկին նույնն է՝ 25 տոկոս՝ նախկին օրվա 24 տոկոսի համեմատ», - ընդգծեց Թորոսյանը՝ շարունակելով. - «Սա կարևոր ցուցանիշ է, իհարկե, կարևոր է նաև բացարձակ թիվը՝ սպասարկումը հասցնելու տեսանկյունից»:

«Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն՝ մահճակալային ֆոնդի տեսանկյունից, գումարային ունեցել ենք մոտ 500 հոգի ծայրահեղ ծանր և ծանր, սակայն կարող եմ փաստել, որ մեծ, հիմնական մեծ վերակենդանացման բաժանմունքներում ազատ տեղեր եղել են այդպիսի կարիք ունեցող պացիենտներին տեղավորելու համար», - ասաց նախարարը:

«Եվ ամենակարևոր ցուցանիշը, որին մենք վերջին օրերին հաճախ անդրադառնում ենք, դա հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է: Այս պահին, առավոտյան ժամը 9-ի դրությամբ, մենք ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալիզացիայի, որից ընդամենը 4-ն են տանը, և մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, սակայն պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ կամ հիվանդանոցներ», - նաև նշեց Թորոսյանը:

«Ընդհանուր գնահատականը այն է, որ իրավիճակը, իհարկե, շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց՝ այդ լարվածությունը կոմպենսացվում է մեր հնարավորությունների աճով, մեր սպասարկման ունակություններով, ինչը, իհարկե, չի նշանակում, որ մենք չպետք է զսպողական մեր միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք, ինչպես ամենասկզբից, և այդպիսով այդ կառավարելի վիճակը պահենք ինչքան հնարավոր է երկար և գնանք դեպի անկման», - հայտարարեց առողջապահության նախարարը:

XS
SM
MD
LG