Կանադան և ԱՄՆ-ը կերկարաձգեն երկու երկրների միջև ոչ կարևոր ուղևորությունների արգելքը մինչև հուլիսի վերջ՝ ելնելով կորոնավիրուսի հետագա տարածման հետ կապված մտավախություններից: Այդ մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրները:
Միացյալ Նահանգների և Կանադայի միջև ոչ կարևոր ճամփորդությունների արգելքը նախ մտցվեց մարտին, այնուհետև երկարաձգվեց ապրիլին և մայիսին: Ներկայումս գործող արգելքի ժամկետը լրանում է հունիսի 21-ին: Արգելքը չի տարածվում բեռնափոխադրումների վրա:
ԱՄՆ-ը, հիշեցնենք, շարունակում է աշխարհում առաջին տեղը զբաղեցնել թե՛ կորոնավիրուսով վարակվածների և թե՛ մահվան դեպքերի թվերով՝ համապատասխանաբար մոտ 1 միլիոն 980 հազար և 112 հազար: Կանադայում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի վարակի շուրջ 98 հազար դեպք, մահացել է մոտ 8 հազար մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: