Մատչելիության հղումներ

Զելենսկին խոստովանում է՝ համաճարակի սկզբնական փուլում ցանկանում էր վարակվել կորոնավիրուսով


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացօթյա ասուլիսի ժամանակ, Կիև, 20-ը մայիսի, 2020թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անկեղծորեն խոստովանում է, որ կորոնավիրուսի համաճարակի սկզբնական փուլում ցանկանում էր վարակվել Covid 19-ով։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է նախօրեին «Ուկրաինսկայա Պրավդա» կայքի թղթակցի հետ զրույցում։ Նախագահական ավտոմեքենայում տրված այդ հարցազրույցում Զելենսկին նշում էր, որ այդ քայլը կարող էր նպաստել կորոնավիրուսի և դրա դեմ պայքարի հանդեպ ուկրաինացիների շրջանում ավելի լուրջ տրամադրությունների ձևավորմանը։

«Ես ցանկանում էի այդ փուլով անցնել, վարակվել կորոնավիրուսով, որպեսզի մարդկանց ավելի հեշտ լինի։ Խորհրդակցություններից մեկի ժամանակ ես առաջարկեցի՝ «եկեք այնպես անենք, որ ես վարակվեմ, և ինձ մեկուսացնեն Բանկովայա փողոցում գտնվող նախագահի նստավայրում, ես պատրաստ եմ ապրել այնտեղ»։ Այդ դեպքում, մի կողմից, քաղաքացիները կհասկանային, որ այդ վարակն իրական է, վարակակիրն իրեն իրոք վատ է զգում, կհասկանային, որ մեկուսացումն անհրաժեշտ է։ Եվ այդ ամենը ես կարող էի ի ցույց դնել սեփական օրինակով։ Մյուս կողմից, սակայն, դա կնպաստեր մեկ այլ խնդրի լուծման՝ մարդիկ չէին հայտնվի դեպրեսիայի գրկում, և իրենց չէր թվա, թե կորոնավիրուսը ժանտախտի նման մի հիվանդություն է։ Սկզբնական շրջանում, ախր, մի շատ ահարկու պահ կար, երբ մարդկանց թվում էր, թե ուր որ է բոլորս մահանալու ենք», - նշում էր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով, այդուհանդերձ, վերջին պահին ինքը հրաժարվել է կորոնավիրուսով կանխամտածված վարակվելու ծրագրից՝ հասկանալով, որ իր քաղաքական հակառակորդները կարող են պարզապես չհավատալ դրան։

«Դե ես հասկացա, որ նման քայլով պարզապես կարող եմ չափն անցնել։ Բացի այդ, թիմակիցներիցս մեկն ասաց՝ «սկսելու են ասել, որ այս ամենը դու արել ես բացառապես փիառի համար, որ ընդհանրապես հորինել ես այդ հիվանդությունը», - ասում էր Զելենսկին՝ նշելով նաև, որ ի վերջո վարակվելու նպատակով կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող բժշկական կենտրոն չայցելեց՝ վախենալով հարազատների արձագանքից։

«Իմ ընտանիքն իհարկե դա ինձ չէր ների։ Նրանք կասեին, որ ես խելագարվել եմ, և սկզբունքորեն սխալված չէին լինի», - նշում էր Ուկրաինայի նախագահը։

Ուկրաինայում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի գրեթե 28 հազար դեպք է հայտնաբերվել, 810 մարդ մահացել է։ Ուկրաինական իշխանությունների պնդմամբ, սակայն, համաճարակաբանական իրավիճակը երկրում ընդհանուր առմամբ կայուն է, վարակի տարածման տեմպերը զգալիորեն դանդաղել են։ Այսպես, համաճարակի էպիկենտրոններից մեկը համարվող մայրաքաղաք Կիևում, որտեղ համարյա 3 միլիոն մարդ է ապրում, վերջին մեկ օրում կորոնավիրուսի ընդամենը 33 նոր դեպք է հաստատվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG