Մատչելիության հղումներ

ՔԿԾ-ն միջնորդել է վերացնել Քոչարյանին ԲԿ-ում թողնելու որոշումը. ըստ պաշտպանի` դա իրավական տրամաբանություն չունի


Ռոբերտ Քոչարյանը և Արամ Վարդևանյանը դատական նիստի ժամանակ, արխիվ

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ) միջնորդել է վերացնել երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համաճարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու Վարչական դատարանի որոշումը։ Միջնորդության վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չի հաղորդվում։

Մարտի մեկի գործով նախորդ նիստերից մեկի ընթացքում հայտնի դարձավ, որ սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում, մեկ ամիս առաջ էլ նա նույն բժշկական կենտրոնում վիրահատվել էր։ Մայիսի 29-ին Վարչական դատարանը բավարարել էր Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը` գտնելով, որ քանի դեռ առկա է կորոնավիրուսի համավարակի վտանգը, նախկին նախագահը պետք է պահվի ոչ թե կալանավայրում, այլ բժշկական կենտրոնում։

Այսօր Քոչարյանի ու մյուսների գործով նշանակված դատական նիստը հետաձգվեց։ Նախկին նախագահի պաշտպաններից Արամ Վարդևանյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Քրեակատարողական ծառայության միջնորդությունը որևէ իրավական տրամաբանություն չունի.- «Դատարանը շատ հստակ տրամաբանություն է դրել իր մեջ, ի վերջո քրեակատարողական հիմնարկները չունեն այն կարողությունը, որ բացառեն կորոնավիրուսային վարակի տարածումը կալանավորված կամ արդեն պատիժը կրող անձանց մասով»:

«Բնական է, որ դատարանը մայիսի 29-ին այդպիսի որոշում կայացրեց՝ հաշվի առնելով Քոչարյանի առողջական վիճակը, տարիքը»,- ասաց Վարդևանյանը և հավելեց, որ հակառակ որոշումը «անմարդկային դատական ակտ կլիներ»: «Հիմա Քրեակատարողկան ծառայությունը խնդրում է, որ դատարանը անմարդկային գտնվի, կարային հենց էդպես էլ գրեին»,- նկատեց նա:

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի պնդմամբ` Վարչական դատարանն այդպիսի որոշում կայացնել չէր կարող.- «Ըստ էության, դա ուրիշ դաշտ է, իրեն չվերաբերող այն առումով, որ քրեակատարողական հիմնարկ Ռոբերտ Քոչարյանին տարել են դատական ակտի հիմքով»: Սաֆարյանի գնահատմամբ` Վարչական դատարանի որոշումը պետք է վերանայվի, ըստ էության դատարանը փոխել է Քոչարյանի նախնական կալանքի կրման վայրը իր վարույթի տակ չգտնվող գործով, ասում է նա.- «Շարունակվում է որոշ դատավորների ջանքը Ռոբերտ Քոչարյանի կալանքը հնարավորինս արտոնյալ վիճակում ապահովելու գործընթացով, և այդ գործընթացն առայժմ հաջողված ընթանում է»:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովում անդրադառնալով Քոչարյանին բժշկական կենտրոնում պահելու վերաբերյալ Վարչական դատարանի որոշմանն, ասաց` դրան ծանոթ չէ, բայց իրեն հասած բովանդակությունից զարմացել է: Նախարարի խոսքով` ՔԿԾ-ն պարտավոր է պատշաճորեն պահպանել կալանքի խափանման միջոցը.- «Բայց եկեք, սպասենք դատական պրոցեսների ավարտին, կլինի դատական ակտ, միգուցե այդ ընթացքում նոր կանդրադառնանք: Մի քիչ տարօրինակ է այն առումով, որ Քրեակատարողական ծառայությունը պարտավոր է կալանք խափանման ռեժիմը պատշաճ կարգով պահպանել, կալանքի ռեժիմից քրեակատարողական հիմնարկից դեպի քաղաքացիական հիվանդանոց կրկին ուղեգրման կարգով է արվում, այսինքն` այդ ամբողջ պրոցեսը կալանք խափանման միջոցի ռեժիմի շրջանակներում է իրականացվում: Եթե չկատարի, պաշտոնական դիրքի չարաշահման պես մի բան է»:

Քոչարյանը պահվում էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում. նրա պաշտպան Վարդևանյանը նշեց, որ փակ հաստատություններում ևս արդեն արձանագրվել է վարակի տարածման դեպք: Մասնավորապես օրեր առաջ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի դեպք է հաստատվել «Կոշ» քրեակատարողականում պահվող դատապարտյալի մոտ.- «Եթե նախկինում միշտ խոսում էին, որ քրեակատարողան ծառայողներն են հիվանդացել այս ցավալի վարակով, բայց արդեն ունենք նաև փաստացի պատիժ կրող, միգուցե նաև կալանավորված անձ»:

Իր պաշտպանյալի առողջական վիճակի մասին «Ազատության» հարցին Վարդևանյանը պատասխանեց՝ Քոչարյանը հետվիրահատական շրջանում է, ավել բան ասել չի կարող։

Մարտի մեկի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 23-ին:

Ազգային ժողովում էր նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց` Մարտի 1-ի գործով նորություններ կան, բայց դրանց մասին չբարձրաձայնեց.- «Չէ, գործը տեղում չի դոփում, գործով նախաքննություն է իրականացվում, այլ գործողություններ են իրականացվում, որոնց մասին հիմա չեմ ցանկանում խոսել»:

XS
SM
MD
LG