Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը չհստակեցրեց` արդյոք պետք է քրեական գործ հարուցվի հիվանդանոց չհասնելու պատճառով մահվան դեպքերով


Չի՞ խախտվել արդյոք մարդու կյանքի իրավունքը, երբ հիվանդանոցում տեղ չլինելու պատճառով կորոնավիրուսով հիվանդ մարդիկ են մահացել։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն օմբուդսմեն Արման Թաթոյանից պարզաբանում էր խնդրում՝ իրավական ի՞նչ գործընթաց պետք է հետևի այս ամենին։

Օմբուդսմենը չհստակեցրեց՝ արդյոք քրեական գործ կհարուցվի` նշելով միայն՝ կապի մեջ է պարետատան հետ, տեղյակ է, որ նման դեպքեր են եղել, սպասում է լրացուցիչ պաշտոնական տեղեկատվության, ժամանակից շուտ գնահատականներ չի տա՝ կանխակալ մոտեցում չցուցաբերելու համար։

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 3-րդ, պաշտպանում է կյանքի իրավունքը: Երկու դեպք հիվանդանոց չհասցնելու պատճառով: Ի վերջո, քրեական վարույթ պիտի հարուցվի` պարզելու համար մեղավորներին, որովհետև մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Տիկի՛ն Զոհրաբյան, որպեսզի քրեական վարույթ հարուցելու հարցը լուծվի, թե չէ, անհրաժեշտ է հասկանալ կոնկրետ գործի հանգամանքները: Այս կամ այն դեպքն ինչ պատճառով է եղել, պաշտոնատար անձի մեղքով է եղել, չի եղել, որ պահին է վրա հասել և այլն»,- արձագանքեց ՄԻ պաշտպանը:

«Հղում եմ անում կրկին վարչապետին. «Այդ մարդիկ մահացել են, որովհետև հնարավոր չի եղել նրանց հասցնել, տեղափոխել հիվանդանոց այն պարզ պատճառով, որ հիվանդանոցներում տեղ չի եղել»: Չե՞ք կարծում, որ Ձեր նշած հարցերը հենց պարզաբանելու համար` ո՞վ է մեղավոր, կա՞ն մեղավորներ, եղե՞լ են մեղավորներ, թե՞ ոչ, և ինչի՞ արդյունքում է իրականում վրա հասել մահը, հենց դրա համար պիտի հարուցվի քրեական վարույթ, որպեսզի այդ բոլոր գործերը պարզաբանվեն»,- հարցը շարունակեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Արման Թաթոյանն իր հերթին նկատեց.- «Տիկի՛ն Զոհրաբյան, գիտեք` Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնատար անձ է, անկախ է, ճիշտ է, բայց պաշտոնատար անձ է, ունի կոնկրետ լիազորություններ: Ի տարբերություն հասարակական գործիչների, պատգամավորների, քաղաքական գործիչների և այլն` ես չեմ կարող այդպիսի գնահատականներ կատարել և նաև հատկապես մեղավոր լինել-չլինելու հարցում»:

«Իմ քայլ»-ից պատգամավոր Մարիա Կարապետյանը Նաիրա Զոհրաբյանին հիշեցրեց՝ վարչապետ Փաշինյանը մեկ այլ նրբություն էլ է առանձնացրել այս խնդրում, ինչը, սակայն, ընդհանուր համատեքստից կտրվում է.- «Վարչապետի ելույթից Դուք ցիտում եք այն պահը, որ մենք բավականաչափ մահճակալներ չենք ունեցել այդ երկու քաղաքացիներին հոսպիտալացնելու համար, սակայն կխնդրեի, որ մի հատ էլ նայեիք այդ տեսանյութը, որովհետև վարչապետն այնտեղ մի նյուանս էլ է նշում, որ նաև կա ահազանգի ուշ տեղ հասնելու, այսինքն` հարազատների կողմից ահազանգի: Եվ սա ամենևին մեղք բաշխելու կամ ինչ-որ մեկին մեղադրելու համար չէ, ինչպես մենք բազում անգամ շեշտել ենք, սա մեր խնդիրները խորապես հասկանալու համար է»:

Այս հարցի շուրջ քննարկումը ծավալվեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում: Բուն թեմայից շեղվելով` անդրադարձ եղավ նաև ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութին։ Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ, քաղաքացին դիմակ չուներ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր՝ ոստիկանությունը ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի:

Իր հերթին օմբուդսմենն էլ ընդգծեց՝ ոստիկանությունն ունի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, այդ թվում՝ ձեռնաշղթա գործադրելու հնարավորություն: Նաև կարևորեց՝ պետության արձագանքը պետք է համաչափ լինի իրավախախտմանը.- «Փաստաբանը բերման ենթարկվածի, թե նաև այնտեղ էլի անձինք կային, պետք է որ ներկայացներ բողոք: Որքան տեղյակ եմ, այս պահին մեզ որևէ բողոք այդ առումով հետագայի հետ կապված, հետագա գործողությունների հետ կապված չի ներկայացվել»:

Կորոնավիրուսի հետ կապված այսօր համացանցը լի է ապատեղեկատվությամբ, «Իմ քայլ»-ից Համազասպ Դանիելյանի արձագանքն էր։ Օմբուդսմենից պարզել էր ուզում՝ արդյո՞ք սա ևս իրավունքի ոտնահարում չէ։ Թաթոյանը նորից շեշտեց՝ ընդհանուր բնույթի գնահատական տալ չի կարող, բայց որպես Մարդու իրավունքների պաշտպան կարևորում է՝ հատկապես համավարակի պայմաններում մարդիկ պետք է ստանան հստակ տեղեկություն։

XS
SM
MD
LG