Մատչելիության հղումներ

Լրագրողական ՀԿ-ները կոչ են անում ապահովել անձնական տվյալների մշակման համակարգի թափանցիկությունը


Covid-19 Armenia հավելվածը, ապրիլ, 2020թ.
Covid-19 Armenia հավելվածը, ապրիլ, 2020թ.

Հայաստանյան 6 լրագրողական հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել՝ իշխանություններին կոչ անելով նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և արագ բացահայտելու նպատակով գործարկված հատուկ ծրագրային ավտոմատացված համակարգի և տվյալների օգտագործման մանրամասների վերաբերյալ ամբողջական, հասանելի և հասկանալի տեղեկություն տրամադրել հանրությանը:

Ըստ հայտարարության, որը ստորագրել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը, Երևանի Մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ինչպես նաև քաղաքացի Իզաբելլա Սարգսյանը, հունիսի 3-ին փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, արձագանքելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի և Իզաբելլա Սարգսյանի հարցմանը, հայտնել է, որ վերոհիշյալ ավտոմատացված համակարգը ստեղծվել է հայ կամավոր ծրագրավորողների կողմից։ Մանրամասնելով, թե «ծրագրավորողները չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, չեն համաձայնել, որ իրենց կողմից անվարձահատույց օժանդակության փաստը հանրայնացվի», Սիսեռյանը հրաժարվել է հավելյալ տեղեկություններ հրապարակել։

Հայտարարության հեղինակները վկայակոչում են Եվրոպայի խորհրդի 108-րդ կոնվենցիայի հանձնաժողովի նախագահի և ԵԽ Տվյալների պաշտպանության հանձնակատարի 2020թ. մարտի 30-ի համատեղ հայտարարությունը, որում ասված է. - «Թափանցիկությունը և վերլուծական տվյալների և AI համակարգերի «բացատրելիությունը», նախազգուշական մոտեցումը և ռիսկերի կառավարման ռազմավարությունը (այդ թվում՝ անոնիմիզացված տվյալների վերաանձնականացման ռիսկը), տվյալների որակյալ և նվազագույն ծավալով օգտագործումը, ինչպես նաև մարդկային վերահսկողությունը այն առանցքային դրույթներից են, որոնք պետք է հաշվի առնել COVID-19-ի դեմ պայքարում նորարական լուծումներ ստեղծելու հարցում»։

Ապրիլի 2-ին հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ հորդորելով Կառավարությանը և Պարետատանը պատշաճ կերպով իրազեկել քաղաքացիներին, թե ո՞ր կառույցներն են ներգրավված քաղաքացիների անձնական տվյալների մշակման գործընթացում՝ պետակա՞ն, թե՞ մասնավոր, ինչպե՞ս է ապահովվում տվյալների պատշաճ պաշտպանությունն ու անվտանգությունը, և հստակ տեղեկություններ հաղորդել համակարգի ներդրման արդյունքների մասին:

«Հարգելով «հայ կամավոր ծրագրավորողների»՝ անանուն մնալու ցանկությունը՝ հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում գործ ունենք հանրության շահերին առնչվող հարցի հետ, իսկ պատշաճ, ժամանակին և լիարժեք տեղեկատվության բացակայությունը ստեղծում է ապատեղեկատվության և ենթադրությունների տարածման հնարավորություն։ Ուստի, իշխանություններին կոչ ենք անում.

- հրապարակել կամավորների անունները, նրանց հետ կնքված պայմանագրերով նախատեսված կողմերի պարտավորությունները և տեխնիկական առաջադրանքը՝ ներառյալ համակարգի աշխատանքի սկզբունքներն ու կառուցվածքը,

- սահմանել տվյալների մշակման՝ հավաքագրման, օգտագործման և կիրառումից հետո դրանց ոչնչացման նկատմամբ հանրային վերահսկողության գործուն մեխանիզմներ,

- հանրությանը ամբողջական, հասանելի և հասկանալի տեղեկություն տրամադրել համակարգի գործարկման և տվյալների օգտագործման մանրամասների մասին և պարբերաբար տեղեկատվություն հրապարակել դրա կիրառման արդյունավետության մասին», - ասված է լրագրողական 6 ՀԿ-ների հունիսի 6-ի հայտարարությունում, որը բաց է և միանալու համար:

XS
SM
MD
LG