Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգին միանում են նաև Սպիտակի, Վեդու և Մարտունու բժշկական կենտրոնները


Հիվանդանոց Հայաստանում, արխիվ
Հիվանդանոց Հայաստանում, արխիվ

Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալ, Վեդու բժշկական կենտրոնը՝ 100 մահճակալ, և Մարտունու բժշկական կենտրոնի մեկ բաժանմունք՝ 35-40 մահճակալ: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի վարչապետը՝ հիշեցնելով, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2 հազար մահճակալ այս խնդրի համար։

«Մի կարևոր փաստ ևս. այսօր առաջին անգամ մեր նոր՝ Այրվածաքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործող տրիաժ կենտրոն ընդունված պացիենտներին համակարգչային տոմոգրաֆիա է արվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում (հայտնի, որպես Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրոն)», - փոխանցում է Նիկոլ Փաշինյանը:

«Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ կառավարության նիստում առողջապահության նախարարից հետաքրքրվել էի, թե երբ կսկսի գործել պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆը, որը շատ անհրաժեշտ է մեր քաղցկեղ ունեցող քաղաքացիների համար և տեղադրված է հենց այս կենտրոնում։

Ուզում եմ տեղեկացնել, որ վերջինիս վերջնական գործարկման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը անցյալ շաբաթ ներկրվել են Հայաստան և մյուս շաբաթ այն ամբողջությամբ կգործարկվի՝ երկար տարիների պարապուրդից հետո։ Մեր քաղցկեղ ունեցող պացիենտները ՊԷՏ/ՀՏ համար այլևս ստիպված չեն լինի արտասահման մեկնել», - ընդգծում է վարչապետը:

XS
SM
MD
LG