Մատչելիության հղումներ

Թրամփը կարող է կրճատել ամերիկյան զորքը Գերմանիայում


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հանդիպում է ամերիկացի զինծառայողների հետ, արխիվ, Ռամշտայն, Գերմանիա, 18 հոկտեմբերի, 2019թ.
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հանդիպում է ամերիկացի զինծառայողների հետ, արխիվ, Ռամշտայն, Գերմանիա, 18 հոկտեմբերի, 2019թ.

Բեռլինին մտահոգում է Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքը մինչև տարեվերջ կրճատելու Վաշինգտոնի մտադրությունը:

The Wall Street Journal և Der Spiegel պարբերականները հայտնել են, որ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է մեծ թվով զինծառայողներ դուրս հանել Գերմանիայի տարածքից:

Այսօրվա դրությամբ Գերմանիայում տեղակայված է մոտ 34 հազար ամերիկացի զինծառայող: The Wall Street Journal-ի տեղեկություններով, Թրամփը ցանկանում է հայրենիք վերադարձնել մոտ 9 և կես հազար զինծառայող, Der Spiegel-ի տվյալներով, Սպիտակ տունը կարող է Գերմանիայից դուրս բերել 5-ից 15 հազար զինծառայող:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասն ասել է, թե երկու պետությունները շահագրգռված են ռազմական բնագավառում սերտ հարաբերություններ պահպանելով:

«Եթե տեղի ունենա դուրսբերում, մենք դա նկատի կառնենք, մենք սերտ դաշնակիցներ ենք ՆԱՏՕ-ում, բայց կան բարդություններ»,- ասել է Մաասը:

Թրամփը բազմիցս դժգոհությամբ նշել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, մասնավորապես, Գերմանիան, չեն կատարում ներքին համախառն արդյունքի 2 տոկոսի չափով ռազմական բնագավառը ֆինանսավորելու ՆԱՏՕ-ի համաձայնեցրած ծրագիրը:

Կանցլեր Անգելա Մերկելն այդ կապակցությամբ ասել է, որ Գերմանիան անպայման դրան կհասնի, սակայն դա տեղի չի ունենա մինչև 2030 թվականը:

Լեհաստանը հույս է հայտնել, որ Գերմանիայից դուրս բերվելիք ամերիկյան զորքի մի մասը մշտական կարգով կտեղակայվի իր տարածքում:

Ըստ մի ամերիկացի անանուն պաշտոնյայի, Վաշինգտոնը և Վարշավան ամիսներ շարունակ քննարկում են այդ հարցը, և դա բացարձակ կապ չունի Թրամփի և Մերկելի լարված հարաբերությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG