Մատչելիության հղումներ

Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Վաքըֆլըում Մուսա լեռան թանգարան է բացվել


Թուրքիա - Խաղողօրհնեքը Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, արխիվ
Թուրքիա - Խաղողօրհնեքը Վաքըֆլըի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում, արխիվ

Թուրքիայի Հաթայ նահանգում գտնվող միակ հայաբնակ գյուղում՝ արդեն թաղամասի կարգավիճակ ունեցող Վաքըֆլըում, Մուսա լեռան թանգարան է բացվել։

Վաքըֆլը գյուղի Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարը «Դողան» լրատվական գործակալությանը պատմել է, որ կնոջ՝ լրագրող Լորա Չափարի հետ միասին երկար ժամանակ աշխատել են թանգարանի ստեղծման ուղղությամբ, և երախտագիտություն է հայտնել Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանին նախագծին աջակցելու համար։

Չափարը նշել է, որ թանգարանում ներկայացված է ոչ միայն հայկական մշակույթի, այլ նաև Անատոլիայի բոլոր ժողովուրդների մշակութային ներկապնակը։

Թանգարանի ձևավորման համար օգտագործվել են գյուղի բնակիչների տրամադրած իրերը․ ցուցադրված են ավանդական տարազներ, պատմական իրեր, զարդեր, էկրաններին կարելի է տեսնել մուսալեռցիների ավանդույթների մասին պատմող հոլովակներ։

«Աշխատանքներն արդեն ավարտվել էինք, սակայն համաճարակի պատճառով թանգարանի բացումը չկարողացանք իրականացնել։ Իրավիճակի կարգավորման հետ մեկտեղ, թանգարանն էլ արդեն բաց է այցելուների համար։ Առաջիկայում պաշտոնական բացում էլ կանենք», - ասել է Ջեմ Չափարը։

Շուրջ 130 հայ բնակիչ ունեցող Վաքըֆլըն գտնվում է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում՝ Մուսա լեռան լանջերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG