Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունը սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար. ԱԳՆ


Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը, արխիվ

«Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության», - Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել ադրբեջանական իշխանական տարբեր օղակների «ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ» հայտարարությումբ:

ԱԳՆ մեկնաբանությունում մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են արվում: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, ինչը տասնամյակների ընթացքում հետևողական հակահայկական դիսկուրսի պայմաններում հեշտ գործ չէ»:

ԱԳՆ խոսնակը նշել է՝ հատկանշական է, որ սեփական ժողովրդի առջև ատելություն քարոզող և պատերազմի սպառնալիքներով հանդես եկող Ադրբեջանի ավտորիտար իշխանություններն օգտագործում են կորոնավիրուսի դեմ պայքարն իրենց երկրում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ իրականացնելու համար. իրողություն, որը բարձրաձայնվել է մի շարք հեղինակավոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:

«Այնուհանդերձ, ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, նման հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության», - ասված է մեկնաբանությունում:

ԱԳՆ հայտարարությունում նշված է, որ ադրբեջանի ղեկավարության հակահայկական գործողություններն արդեն ստացել են իրենց իրավական գնահատականը միջազգային ատյանների կողմից: Այսպես, ՄԻԵԴ-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը դատապարտեց ադրբեջանական պետության ռասիստական քաղաքականությունը, որն արտահայտվել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու, ազատ արձակելու և պարգևատրելու գործողություններով:

Հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար, ասված է հայտարարությունում:

ԱԳՆ-ն ընդգծում է, որ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝ արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG